Մատչելիության հղումներ

Մենք Հրվ. Կովկասում բոլորովին նոր իրավիճակ ենք ստեղծել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում «Նոր Ադրբեջան» կուսակցության  8-րդ համագումարին, 2-ը հոկտեմբերի, 2026թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարին, 2-ը հոկտեմբերի, 2026թ.

Ադրբեջանը Հարավային Կովկասում ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ, որը երբեք գոյություն չէր ունեցել տարածաշրջանի անկախ պետությունների պատմության ընթացքում, Բաքվում ընթացող Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևն ասել է, որ վերջին երկու տարիների ընթացքում տարածաշրջանում եղել են ինչպես դրական, այնպես էլ բացասական իրադարձություններ։ Որպես բացասական նա նշել է այն, որ երկրի անմիջական հարևանությամբ նոր պատերազմ է ծավալվել, իսկ որպես դրական՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անցյալ տարվա օգոստոսին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Համաձայնագրի նախաստորագրման վայրը նույնպես մեծ խորհրդանշական նշանակություն ունի։ Այն նախաստորագրվել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են ոչ թե անհամաձայնությունների վերաբերյալ փաստաթուղթ, այլ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը»,- ասել է նա։

Ալիևը հիշեցրել է, որ դրա հետ մեկտեղ ստորագրվել է նաև համատեղ հռչակագիր, որն ԱՄՆ նախագահը ստորագրել է որպես վկա։

«Այսպիսով, մենք չսահմանափակվեցինք միայն արդարության վերականգնմամբ և մեր տարածքների ազատագրմամբ: Մենք նաև ստեղծեցինք Հարավային Կովկասում բոլորովին նոր իրավիճակ, որը երբեք գոյություն չէր ունեցել Հարավային Կովկասի անկախ պետությունների պատմության մեջ։ Ավելին, մենք պաշտոնապես ամրագրեցինք այս նոր իրականությունը Սպիտակ տանը»,- նշել է նա:

2025 թվականի օգոստոսի 8-ին Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրանից հետո հայտարարում էին, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:

Ադրբեջանը, սակայն, հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունից հեռացված չէ հղումը Անկախության հռչակագրին: Բաքուն 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրում տարածքային պահանջ է տեսնում, քանի որ դրանում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ միայն թղթի վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին: Փաշինյանը, սակայն, չէր մանրամասնել, թե արդյոք դա այն ժամանակահատվածն է, երբ, ըստ իր հաշվարկների, փոխված կլինի Հայաստանի Սահմանադրությունը: «Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք»,- ասել էր նա:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG