Միացյալ Նահանգները հաստատում է՝ ամերիկյան ուժերը կիրակի հարվածել են Իրանի Լարակ կղզում գտնվող երկու արձակման կայանքի՝ խախտելով հուլիսի վերջից պահպանվող հրադադարը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» է իրականացրել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրելու պատրաստվող և «անմիջական սպառնալիք ներկայացնող» ուժերի դեմ։
Իրանական Tasnim-ի հաղորդմամբ՝ Լարակ կղզուն հարվածել է ամերիկյան անօդաչու։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հարձակման հետևանքով զինվորականներ և խաղաղ բնակիչներ են զոհվել՝ չհայտնելով նրանց թիվը։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել
Ամերիկյան հարվածին հաջորդել է Իրանի պատասխանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ իրանական ուժերը բալիստիկ հրթիռներ են արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի զինուժը խոցել է օդային տարածք ներխուժած ութ հրթիռ։
Անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող և ամերիկյան զինտեխնիկա հյուրընկալող ավիաբազան։
Իրանական Mehr-ն էլ հաղորդում է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին։
«Փշուր-փշուր է արվում»
Մինչ կողմերը փոխադարձ հարվածների մասին են հաղորդում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում կարճ գրառում է կատարել Իրանի էներգետիկ հանգույց Խարգ կղզու վերաբերյալ։ Նա արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ամերիկյան հարձակում կղզու վրա, և գրել․ «Խարգ կղզին փշուր-փշուր է արվում»։
Խարգ կղզուն իրական հարվածի մասին ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Թեհրանը չեն հաղորդել։ Թրամփը, սակայն, նախկինում ակնարկել է կղզուն հարվածելու հնարավորության մասին։
Ռազմական նոր սրացումը տեղի է ունենում Իրանի նկատմամբ ամերիկյան տնտեսական ճնշման ուժեղացման ֆոնին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն անցած շաբաթ հայտարարել էր, որ Վաշինգտոնը «տնտեսական գրոհ» է սկսում Իրանի ֆինանսական կապերի դեմ՝ փորձելով կտրել նաև երրորդ երկրներից Թեհրանին հասնող ֆինանսական հոսքերը։
Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Մադանիզադեհը պատասխանել էր, որ նոր պատժամիջոցները ևս «ձախողվելու են»՝ պնդելով, որ Թեհրանը կանխատեսել և պատրաստվել է նման սցենարի։
Արդեն կես տարի շարունակվող պատերազմը փետրվարի 28-ին սկսվեց, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համատեղ ավիահարվածներ սկսեցին հասցնել Իրանին։ Ի պատասխան՝ Իսլամական Հանրապետությունը թիրախավորում է տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներին։