Մատչելիության հղումներ

Մարաղայի զոհերի հիշատակի խաչքարը պատրաստ է, բայց դեռ չի տեղադրվում

Մարաղայի կոտորածի անմեղ զոհերի հիշատակի խաչքարը պատրաստ է, բայց միայն դրա մակետն են Ծիծեռնակաբերդի բարձունք հասցնում։

34 տարի առաջ այս օրը վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը մտավ Մարտակերտի շրջանի այս գյուղն ու զանգվածային ջարդ սկսեց՝ շուրջ հինգ տասնյակ խաղաղ բնակիչ, մեծ մասը՝ կանայք, երեխաներ, խոշտանգվեցին ու սպանվեցին, տասնյակ հայերի որպես պատանդ անհետ տարան։

Արցախի հանրային հեռուստատեսության արխիվում են ականատեսների վկայությունները։ Խաղաղ բնակիչներին չարչարանքներով սպանելուց հետո ադրբեջանական զինուժը կողոպտեց, ապա վառեց գյուղը։ Մարաղայի կոտորածն իրագործած հրամանատարին Բաքուն «ազգային հերոսի» կոչման արժանացրեց։

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն ասում է՝ Մարաղայի կոտորածներով զբաղվում է հենց առաջին օրից արդեն 34 տարի, վկայությունների հաստափոր փաթեթը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին է ուղարկել դեռ 90-ականներին։ Մարաղայի ջարդերը, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ իրավական ու քաղաքական գնահատական չեն ստացել։

7 տարի առաջ Մարաղայի նախկին բնակիչները դիմել էին Ծիծեռնակաբերդի բարձունքում Գանձակի, Բաքվի, Սումգայիթի ջարդերի հուշակոթողների կողքին Մարաղայինն էլ տեղադրելու խնդրանքով։ Ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը շեշտում է՝ որևէ գերատեսչությունում «ոչ» չեն ասել։

«Չի եղել գեթ մեկ գերատեսչություն, որ մենք չդիմենք: Ճարտարապետ-հեղինակ պարոն Քալաշյանը նույնպես տվել է իր դրական եզրակացությունը», - ասում է նա:

Երկու տարի առաջ էլ Կրթության նախարարությունից են ստացել դրական եզրակացություն՝ համաձայն են, որ այս կոթողների ձախակողմյան հատվածում տեղադրվի Մարաղայի կոտորածի անմեղ զոհերի հիշատակի խաչքարը, գերատեսչությունից առաջարկել են, որ այն նման լինի Հին Ջուղայի խաչքարերին։ Այդպես էլ արել ենք, ասում է ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը, բայց անցյալ տարի, երբ Էդիտա Գզոյանը դեռ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն էր, պարզվեց՝ համաձայնությունների փուլն ավարտված չէ։

«Էդիտա Գզոյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը պետք է քննարկի այդ հարցը ԱԳՆ ղեկավար մարմինների հետ, բայց 2020-2021թթ. ես խոսել և բարձրաձայնել եմ այս խնդիրը արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինքը որևէ առարկություն չուներ», - պնդում է Մարտիրոսյանը:

Էդիտա Գզոյանը հիմա թանգարան-ինստիտուտի տնօրենը չէ, նա հեռացավ աշխատանքից վարչապետ Փաշինյանի ցուցումով։ Կառավարության ղեկավարը սադրանք էր որակել այն, որ Գզոյանը Արցախի վերաբերյալ գրքեր էր նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։ Գլխավոր մեղադրանքը՝ կառավարությունը փակել է Արցախի հարցը, իսկ պետական հիմնարկի ղեկավարը շարունակում է այն։ Այսօր թանգարան-ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարի հետ փորձեցին հանդիպել Լարիսա Ալավերդյանն ու Լիլիթ Ստեփանյանը՝ հիշեցնելու, թե ինչ օր է այսօր, ու ճշտելու, թե երբ ի վերջո կտեղադրվի խաչքարը։

Հրաչյա Թաշչյանը հորդորեց իր հետ հանդիպման ներկայանալ նախօրոք պայմանավորվելուց հետո, այսօր շտապում է։

«Այդ հարցի ձգձգումը նշանակում է, որ այս վարչակազմն ուղղակի քողարկում կամ պարզապես մերժում է այն հանցավոր գործողությունները, որոնք տեղի են ունեցել Մարաղայում», - նշում է Լարիսա Ալավերդյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության ղեկավարը վստահ է՝ Մարաղայի ջարդերի վերաբերյալ հիշատակումները, հուշակոթողը չեն կարող փչացնել խաղաղության մթնոլորտը։ Հակառակը, ասում է, անցյալի հանցագործությունների ընդունումն է իրական խաղաղության ճանապարհը. «Ի՞նչ է՝ Հոլոքոստի մասին բոլորը լռո՞ւմ են, մերժում եմ այդ տնավարի վերաբերմունքը: Որևէ մեկը չի ասում, որ եթե դա տեղի է ունեցել, պետք չէ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ: Բացարձակապես, դա ինչ պրիմիտիվ տրամաբանություն է»

Ադրբեջանն այսօր էլ շարունակում է Խոջալուի, իրենց բնորոշմամբ, «ցեղասպանությունը» միջազգային ամբիոններ հասցնել, շաբաթներ առաջ էլ ՄԱԿ-ից պահանջում էին մարտի 31-ը հռչակել «հայերի կողմից իրականացված ցեղասպանության օր»։

Ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանությունը Արցախի էջը փակի էլ, իրենք՝ մասնագետները, պարտավոր են խոսել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին՝ հույսով, որ այդ վարքագիծը կփոխվի։

«Ինչո՞վ է տարբերվում Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից, որովհետև դա տեղի է ունեցել 1992թ., այսինքն՝ անկախ Ադրբեջանի իշխանության ձեռամբ է իրականացվել: Շատ կարևոր է դա շեշտել», - ասում է նա:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG