Մատչելիության հղումներ

Մակրոնի խորհրդականի Մոսկվա այցի մասին հաղորդումը Կրեմլը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էմանյուել Բոնի Մոսկվա այցի մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները։

«Մենք գիտենք, որ Ելիսեյան պալատը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել այս տեղեկատվությունը։ Համերաշխությունից ելնելով՝ մենք նույնպես ոչ կհաստատենք, ոչ էլ կհերքենք սա», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Բոնը փետրվարի 3-ին Մոսկվա է ժամանել ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ բանակցություններ վարելու համար, քանի որ Եվրոպան պատրաստվում է ավելի ակտիվ մասնակցել բանակցային գործընթացին։

Հաղորդագրության համաձայն՝ Բոնի Մոսկվա կատարած այցի նպատակն էր համոզել Ռուսաստանին, որ եվրոպացիների կարծիքը պետք է հաշվի առնվի եվրոպական անվտանգությանը վերաբերող ցանկացած որոշում կայացնելիս, և որ անվերապահորեն չեն ստորագրի որևէ համաձայնագիր Ուկրաինայի շուրջ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։

Օրերս Մակրոնը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։


XS
SM
MD
LG