ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Ջոն Քոուլի հետ երկօրյա բանակցություններից հետո՝ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 123 բանտարկյալի, այդ թվում՝ Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկիին, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին, ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային, ում կալանավորման մասին հայտնի էր դարձել 2020-ի սեպտեմբերի 8-ին: Դրանից մեկ օր առաջ նրան առևանգել էին Մինսկի կենտրոնում և ստիպել մեկնել Ուկրաինա, բայց Կոլեսնիկովան սահմանին պատռել էր անձնագիրը և մնացել Բելառուսում:
Հաղորդվում է, որ այսօրվա ազատ արձակումը տեղի է ունեցել Բելառուսի կալիումի արդյունաբերության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վերացնելու դիմաց:
Հաղորդվում է, որ ազատ արձակված Բելառուսի քաղբանտարկյալներն այժմ գտնվում են Ուկրաինայում: Փոխանցվում է, որ Ուկրաինա է տեղափոխվել ընդհանուր առմամբ 114 ազատ արձակված, որոնցից 5-ը Ուկրաինայի քաղաքացիներ են: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Բելառուսի կողմից ազատ արձակված բանտարկյալների թվում հինգ ուկրաինացիներ կան, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոնին՝ նրանց ազատ արձակմանը նպաստելու համար։ Լիտվայում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ ազատ արձակվածներից 9 հոգի Բելառուսից Վիլնյուս է մեկնել, այդ թվում՝ Նոբելյան Խաղաղության մրցանակակիր Ալես Բելյացկին:
Նշվում է, որ ներում ստացածները տարբեր երկրներից էին և դատապարտվել էին լրտեսության, ահաբեկչության և ծայրահեղականության հանցագործությունների համար։
Ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունները տեղի են ունեցել երկու փուլով՝ դեկտեմբերի 12-ին և 13-ին, որոնք փակ են եղել։
Reuters-ը նախկինում՝ հղում անելով «իրավիճակին քաջատեղյակ երեք աղբյուրների», հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Բելառուսի իշխանությունների հետ քննարկում է առնվազն 100 քաղբանտարկյալների արագ ազատ արձակելու հնարավորությունը։
Ո՞վ ավելի վաղ ազատ արձակվեց
Ամերիկյան միջնորդությամբ սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսը քաղբանտարկյալների է ազատ արձակել:
2025 թվականի սեպտեմբերի 11-ին, Լուկաշենկոյի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև նախորդ հանդիպումից հետո, ազատ արձակվեցին 52 քաղբանտարկյալներ:
ԱՄՆ նախագահի դեսպան Քիթ Քելլոգի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հունիսի 21-ին կայացած հանդիպման արդյունքում ազատ արձակվեցին 14 քաղբանտարկյալներ, այդ թվում ընդդիմության առաջնորդ Սերհեյ Տիխանովսկուն և «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության լրագրող Իհար Լոսիկին:
2025 թվականի սկզբին ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլն այցելեց Բելառուս, որի արդյունքում բելառուսական բանտից ավելի քան երեքուկես տարվա կալանքից հետո ազատ արձակվեց ԱՄՆ քաղաքացի Յուրաս Զյանկովիչը, որ ծնվել և մեծացել է Բելառուսում:
Փետրվարի 12-ին ազատ արձակվեց «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակից Անդրեյ Կուզնեչուկը: Նա ազատազրկվել էր երեք տարի առաջ խուլիգանության ու ծայրահեղականության մեղադրանքներով, որոնք «Ազատությունը», ամերիկացի պաշտոնյաներն ու իրավապաշտպան կազմակերպությունները շինծու ու քաղաքական էին որակել։ Նույն օրը բելառուսական բանտից ազատ էին արձակվել ևս երկու անձ:
Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Բելառուսի քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակցի հետ: Զրույցը տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի հետ Ալյասկայում կայանալիք հանդիպումից մի քանի ժամ առաջ։
«Հրաշալի զրույց ունեցա Բելառուսի՝ բարձր հարգանքի արժանի նախագահ Լուկաշենկոյի հետ» , - գրել էր Թրամփը՝ իր Truth սոցիալական ցանցում, մանրամասնելով՝ զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել Լուկաշենկոյին 16 բանտարկյալների ազատ արձակման համար։
ԱՄՆ նախագահը տեղեկացրել էր, որ քննարկում է ևս 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը:
2024 թվականի կեսերից ի վեր Բելառուսն ազատ է արձակել մի քանի հարյուր մարդու, որոնք դատապարտվել էին «ծայրահեղականության» և այլ քաղաքական «հանցագործությունների» համար: Վերլուծաբանները համարում են, որ սա Լուկաշենկոյի կողմից փորձ է՝ մեղմելու իր մեկուսացումը Արևմուտքից։ Չնայած Լուկաշենկոն ինքը հերքում է երկրում քաղբանտարկյալների գոյությունը, բայց բողոքի ցույցերի և այլախոհության համար քաղաքացիների նկատմամբ հետապնդումները շարունակվում են մինչ օրս։