Մատչելիության հղումներ

Լոռու մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպերի փաստով քրեական վարույթ է հարուցվել, 10 ձերբակալված կա

Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Շաբաթ օրը Լոռու մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի փաստով քրեական վարույթ է հարուցվել, 10 մարդ ձերբակալվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն՝ վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը»:

«Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը», - ասված է հաղորդագրությունում:

«Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը», - փոխանցում է Քննչականը:

Մեծավանը և Նորաշենը Տաշիր խոշորացված համայնքի բնակավայրեր են, երեկ այդտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: Պապիկյանը հենց տեղում ոստիկաններին կոչ է անում կարգի հրավիրել ընդդիմության համակիրներին ու խոստանում «քաղաքական դաս տալ նրանց ցուցում տվողներին»:

«Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG