Լիտվան տարհանման ծրագրեր է մշակել Ռուսաստանի սպառնալիքների ֆոնին, սակայն «չի հանձնվի», եթե Ռուսաստանը հարձակվի և հակահարված կտա, BBC-ին ասել է այդ երկրի վարչապետը:
Մինդաուգաս Սինկյավիչյուսը BBC-ի Newsnight հաղորդմանն ասել է, որ լիտվացիները «մշտապես սպառնալիք» են զգում Ռուսաստանի կողմից, մասամբ՝ երկրի օդային տարածք մտնող անօդաչու թռչող սարքերի պատճառով։
«Մենք կպատասխանենք... մենք մարտի կբռնվենք»,- ասել է Սինկևիչուսը՝ հավելելով, որ ունեն «տարբեր սցենարների» ծրագրեր և օրինակ է բերել տարեց մարդկանց քաղաքներից «սահուն» դուրս բերելը և խցանումներից խուսափելը։
«Մենք մտածում ենք տարբեր սցենարների մասին, դրանցից ոչ բոլորն են հրապարակայնորեն քննարկվում … Մենք բախվում ենք կոնկրետ սպառնալիքների, ոչ ամեն օր, բայց մենք զգում ենք դրանք, և դա իսկապես իրականություն է մեզ համար»,- ասել է նա։
Լիտվան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ցամաքային սահման ունի Ռուսաստանի անկլավ Կալինինգրադի հետ։
Սինկևիչուսի հայտարարությունը հնչում է ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքն առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները խոցեցին։
Չնայած անօդաչու սարքի ծագումը հաստատված չէ, Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել է, որ այն եկել է Բելառուսի կողմից, որը Լիտվայի հարևանն է և Ռուսաստանի կարևոր դաշնակիցը։
Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ռազմական անօդաչու թռչող սարքերի ներխուժումները Եվրոպայում ավելի ու ավելի տարածված են դարձել։
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի բնակիչները ստիպված էին ապաստան գտնել, երբ մայիսին անօդաչու թռչող սարքի տագնապ հնչեց, որի պատճառով կարճ ժամանակով դադարեցվեցին չվերթները և երկաթուղային ուղևորափոխադրումները։
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները մի քանի անգամ օդ են բարձրացել՝ խոցելու համար ուկրաինական թափառող անօդաչու թռչող սարքերը, որոնք այս տարվա ընթացքում անցել են Բալթյան երկրներ՝ Էստոնիա և Լատվիա։
Ուկրաինան Ռուսաստանին է մեղադրել՝ նշելով, որ նրանց էլեկտրոնային միջամտության հետևանքով են իր անօդաչու թռչող սարքերը շեղվում իրենց ուղուց և հայտնվում այլ երկրների տարածքում:
Լիտվան, Էստոնիան և Լատվիան ՆԱՏՕ-ին միացել են 2004 թվականին՝ ստորագրելով հյուսիսատլանտյան դաշինքի 5-րդ հոդվածը, որի համաձայն՝ «ՆԱՏՕ-ի մեկ անդամի դեմ զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր անդամների դեմ»։