ԱՄՆ-ը Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին և նրանց հետ համագործակցած անձանց մեղադրում է սպանություններ ծրագրելու և ահաբեկչություն ֆինանսավորելու մեջ։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 15-ին հեռակա մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի, Կուբայի և Վենեսուելայի հինգ քաղաքացիների։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ նրանցից երկուսը Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործող կամ նախկին աշխատակիցներ են։
Քննության համաձայն՝ առնվազն 2024 թվականից գործել է RIS Network անունով միջազգային ցանց, որը Կրեմլի հանձնարարությամբ մարդկանց է հավաքագրել ԱՄՆ-ում և այլ երկրներում սպանություններ իրականացնելու համար։ Թիրախում հիմնականում ռուսաստանցի այլախոհներն էին։
ԱՄՆ արդարադատության նախարարության պնդմամբ՝ ցանցը ծրագրել է ԱՄՆ-ում բնակվող հայտնի ռուսաստանցի այլախոհի և Լիտվայում ապրող ռուս ընդդիմադիրի սպանությունները։ Նրանց անունները չեն հրապարակվում։ Ցանցին կապում են նաև Ուկրաինային աջակցող եվրոպական երկրներում քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների դեմ հարձակումներ, ինչպես նաև Չեխիայում և Լիտվայում դիվերսիաներ նախապատրաստելու հետ։
Մեղադրյալների թվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին գնդապետ Յուրի Խրամեևն ու նրա որդին՝ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից Կիրիլ Խրամեևը։ Բոլոր հինգ մեղադրյալները հետախուզման մեջ են։
Նրանց մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման նպատակով դավադրության մեջ, որի համար ԱՄՆ-ում սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։