Մատչելիության հղումներ

Լիբանանը հայտնում է՝ Իսրայելի հարվածներից 13 մարդ է զոհվել

Լիբանան, արխիվ
Լիբանան, արխիվ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Իսրայելի հարվածների հետևանքով երկրի հարավում զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի քաղաքում, որտեղ Իսրայելի բանակը տարհանման հրաման էր տվել՝ չնայած հրադադարին:

Հաբուշում տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա և երկու կին, իսկ 21-ը վիրավորվել են, հայտնում է նախարարությունը:

Զրարիեում տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ, որոնցից երկուսը կանայք են, և վիրավորվել է ևս չորսը, ասվում է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ Այն Բաալում տեղի ունեցած հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։

Պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները «մի շարք ծանր հարվածներ են հասցրել... նախազգուշացումից մեկ ժամ անց»։

Իսրայելի զինված ուժերը հայտարարել էին, որ Իրանի կողմից աջակցվող խմբավորման կողմից «հրադադարի համաձայնագրի խախտումներից» հետո «ուժգին» կգործեն «Հեզբոլաի» դեմ: Բնակիչներին տարհանման կոչ են արել:

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ապրիլի 23-ին կայացած հանդիպման ժամանակ Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին 10-օրյա հրադադարը:

XS
SM
MD
LG