Այսօր Արագածոտնի մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին՝ դասերի ժամին աշակերտների ու մանկավարժների մասնակցությունից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցրել է, որ արգելվում է նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, բժշկական կազմակերպությունների, ուսումնական, նախադպրոցական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Հանձնաժողովը կոչ է արել նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգրքի կարգավորումների շրջանակում՝ բացատրելով, որ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք:
Այսօր ավելի վաղ լրագրողներն արձանագրել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու էին եկել դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ:
Կրթության նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ Արագածոտնի մարզում այսօր «քաղաքական քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով քննություն կանցկացնի»: Բայց ոչ նախարարությունը, ոչ էլ ԿԸՀ-ն իրենց հաղորդագրություններում կոնկրետ ՔՊ-ի անունը չեն նշել:
Ի տարբերություն այս կառույցների՝ «Ականատես» դիտորդական առաքելությունը ուղիղ է հայտարարում, որ Ապարան համայնքում ՔՊ-ի քարոզարշավին իրենց դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր:
«Դիտորդներն անձամբ ականատես են եղել, թե ինչպես են որոշ դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայն և խիստ տոնով հրահանգավորում՝ պահանջելով ապահովել երեխաների պարտադիր և կազմակերպված մասնակցությունը։ Ըստ հաստատված տվյալների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի տնօրենը ոչ միայն ազատել է աշակերտներին դասերից հանրահավաքին մասնակցելու համար, այլև երեխաներին է բաժանել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող խորհրդանիշներով շապիկներ։ Դիտորդները փաստել են, որ երեխաների և աշխատակիցների հավաքագրման կազմակերպիչը եղել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը։ Վերջինս տեղում ակտիվորեն համակարգել է մարդկանց տեղաշարժը, անձամբ դիմավորել է երեխաներին, նրանց բաժանել քարոզչական բնույթի դրոշներ և հստակ հրահանգներ տվել ներկաներին, թե ով որտեղ պետք է տեղակայվի միջոցառման ընթացքում», - հայտարարում է «Ականատեսը»՝ եզրափակելով, որ որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և դպրոցի տնօրինության կողմից սեփական լիազորությունների և պաշտոնեական դիրքի նմանօրինակ չարաշահումը «ենթակա է խիստ իրավական գնահատականի»:
Վարչապետ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականներն առայժմ չեն արձագանքել դիտորդներին ու ԿԸՀ-ին: