Մատչելիության հղումներ

ՔՊ-ում մեկնարկել է նախընտրական ցուցակի «քասթինգը». ինքնառաջադրվել է 380 թեկնածու


Վարչապետ Փաշինյանի թիմում նախընտրական ցուցակի, այսպես ասած, քասթինգը սկսվել է: ՔՊ վարչությունը քննում է ինքնառաջադրված թեկնածուներին ու որոշում՝ ով տեղ կգնի ցուցակում, ով՝ ոչ: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ գործող պատգամավորներից մի քանիսին՝ Հայկ Սարգսյանին, Կարեն Սարուխանյանին ու Ջուլիետա Ազարյանին հրաժեշտ են տվել:

«Քննարկումներ են այս փուլում տեղի ունենում ու որևէ բան հաստատված չէ, բոլոր թեկնածուներին լսում են», - ասաց Ազարյանը:

Ջուլիետա Ազարյանը, որ անցած տարի Ավանի թաղապետարանից տեղափոխվեց խորհրդարան, ըստ լուրերի, չի անցել քննությունը: Բայց «Ազատությանն» ասաց՝ դեռ վերջնական որոշված չէ: Հավատացրեց, թե թեկնածուներն ինքնակամ են որոշում՝ ցուցակ մտնել, թե ոչ:

«Վարչությունում կարծիքներ են հարցնում՝ ով իրեն որտեղ է պատկերացնում ընդհանուր առմամբ, ինչպես են պատկերացնում գործունեությունդ հետագայում, ինչու ես ուզում դառնալ Ազգային ժողովի պատգամավոր կամ որտեղ ես ավելի կոմֆորտ քեզ զգում որպես քաղաքական գործիչ: Ես պատասխանել եմ այդ հարեցրին», - ասաց նա:

Պատգամավոր Ազարյանի կուսակցական կենսագրությունը սկսվում է 2018-ից, քաղաքական կենսագրությունը երկու տարվա պատմություն ունի՝ սկսվել է Ավանի թաղապետարանում ու շարունակվում է խորհրդարանում: Մինչ այդ գովազդի պատասխանատու, միջոցառումների կազմակերպիչ է եղել, ծրագրեր համակարգել: Ասաց՝ հիմա էլ կուսակցական հանձնաժողովին առաջարկել է գործադիր տեղափոխվել:

«Այս փուլում երևի ավելի շատ գործադիրում կամ ՏԻՄ-ում եմ պատկերացնում հետագա աշխատանքները հատկապես, որ փորձ ունեմ ՏԻՄ-ում», - նշեց նա:

Պատգամավոր Ազարյանի աշխատանքը հատկապես նկատելի է սոցիալական ցանցերում: Նիկոլ Փաշինյանի գրառումներն է ակտիվ տարածում, կաթողիկոսի դեմ պայքար մղում, ինչպես մյուս ՔՊ-ականները, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննադատում: Կուսակցության վարչությունում չե՞ն գնահատել իր ջանքերը. «Կարծում եմ՝ 6-7 ամիս հետո կտեսնենք, թե իմ թիմը վարչության նախագահի գլխավորությամբ ինչպես է գնահատում: Նորից եմ կրկնում՝ ես իմ կարծիքն արտահայտել եմ, որ գործադիրում կամ ՏԻՄ-ում եմ տեսնում իմ հետագա աշխատանքները: Երևի ամեն դեպքում հանգուցալուծում կստանա»:

Այսպես ասած, ընտրող հանձնաժողովում է նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա այսօր բորբոքվեց «հարցաքննություն» բառից. ասաց՝ թեկնածուներին չեն քննում, բարեվարքության հետ կապված հարցեր են տալիս:

«Հիմնականում բարեվարքության հետ կապված հարցեր, այսինքն միտքը հետևյալն է՝ քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է թեկնածուներին գրանցել, որ մասնակցեն քվերակությանը և գրանցման հիմք է մինիմալ շեմքը: Այսինքն՝ շեմ, որը վարչությունը համարում է, որ թեկնածուն հաղթահարում է՝ գրանցվելու և քվեարկությանը մասնակցելու:

380 թեկնածու է ինքնառաջադրվել: Ի՞նչ հարցերով են կողմնորոշվում՝ ում գրանցեն, ում՝ ոչ: Նախընտրական ցուցակն ի՞նչ սկզբունքով են կազմում: Ռուբեն Ռուբինյանը փակագծեր չբացեց, վարչության անդամներից պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ բովանդակային չխոսեց:

«Յուրաքանչյուրի դեպքում առանձին-առանձին քննարկվում է ամեն ինչ», - ասաց նա:

Կարեն Սարուխանյանին ի՞նչ հարցեր են ուղղել, պատգամավոր Ղազարյանը չասաց: ՔՊ-ական այս պատգամավորն էլ ուղի մեկ տարի առաջ մամուլի էջերում հայտնվեց թմրանյութի հետ կապված սկանդալով: Կուսակցության վարչությունում հարցը քննարկվել էր, ինքն էլ թեստ հանձնեց: Արդյոք ցուցակից իրեն էլ են դուրս թողե՞լ, Կարեն Սարուխանյանը լրագրողների հարցերից խուսափեց:

Հայկ Սարգսյանն էլ ներթիմային սկանդալների հերոսներից է: Նրա ու ԱԺ նախագահ Ալեն Սիամոնյանի հարաբերություններն այնպես էին լարվել, որ ամիսներ առաջ կուսակցությունում նրանց հարցն էլ քննարկվեց: ՔՊ-ականների հարաբերությունները սրվեցին խաղատների հարկերը բարձրացնելու Հայկ Սարգսյանի նախագծից: Իսկապես չի՞ լինելու ցուցակում, Հայկ Սարգսյանից պարզել չհաջողվեց, խորհրդարանում չէր, մեր զանգերին էլ չպատասխանեց:

«Չէի ցանկանա ոչ հաստատել, ոչ էլ հերքել, որովհետև էլի ունենք պրոցեսներ, որոնք ընթացի մեջ են, երբ որ վերջնական ցուցակը լինի, այն ժամանակ բոլորին հայտնի կլինի՝ ով կա ցուցակում, ով՝ չկա», - ասաց Ալխաս Ղազարյանը

Իշխող կուսակցության վարչությունը 380-ից դեռ 70 թեկնածուի է լսել, մտադիր են մինչև տարեվերջ ավարտել:

XS
SM
MD
LG