Իշխանականների թիրախում հայտնվելուց մի քանի ամիս անց՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել Միացյալ Նահանգներում նախկին դեսպան Լիլիթ Մակունցը: Այս հուլիսին իշխանականները բուհին մեղադրում էին քաղաքականացված լինելու ու նախկիններին համակրելու մեջ, կես տարի էլ չանցած համալսարանի ղեկավար մարմնի կազմ է մտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը:
Ընտրության առթիվ տրված մեկնաբանությունում Մակունցը միմյանց հասկանալու ու տարբեր տեսակետներ ունեցողներին ընդհանուր նպատակի շուրջ համախմբելու մասին է խոսել. «Տարիների ընթացքում սովորել եմ մինչ առաջնորդելը լսելու, տարբեր մոտեցումներ ունեցող մարդկանց շարքում ընդհանուր նպատակ գտնելու արժեքը»,- ասել է Մակունցը:
Համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում նա կզբաղեցնի անցած տարի կյանքից հեռացած, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանի տեղը: Խորհուրդը 7 անդամ ունի, 5-ին համալսարանն է առաջադրում, 2-ին կառավարությունը, ընտրվելու համար ձայների առնվազն 2/3-րդն է պետք, այսինքն Մակունցը հավաքել է անհրաժեշտ ձայները:
Համալսարանի ղեկավարության հասցեին իշխանական պատգամավորների, նախարարների մեղադրանքների տարափի ու իշխող թիմի կարկառուն ներկայացուցչի նշանակման արանքում ինչ զարգացումներ են եղել, այս մասին պաշտոնապես չի հաղորդվել: Խորհրդի անդամներն ինչպես են հավանություն տվել նրա թեկնածությանը, արդյոք ճնշումներ են եղել, այս հարցերին հրապարակային չեն անդրադարձել:
Բուհն իշխանականների թիրախում հայտնվեց Ամերիկյանում դասավանդած Հանրապետական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ վարչապետի ընտանիքի մասին վիրավորական գրառումից հետո: Համալսարանը դատապարտեց ու ընդգծեց՝ գրառումը դուրս էր քաղաքական քննարկման սահմաններից: Դատապարտող հայտարարությունը չբավարարեց իշխող ուժին ու բուհի հասցեին քննադատական հայտարարությունների շարք սկսվեց: Նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը բուհին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ մեղադրեց, հիշեցրեց, որ 2020-ին մի շարք դասախոսներ ու աշխատակիցներ վարչապետ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում. «Ժամանակին 45 դասախոս ներկայացել են Ամերիկյան համալսարանի անունից՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», - նշում էր Թագուհի Ղազարյանը:
Պատգամավորը, որը դասավանդում էր Ամերկյանում, բողոքում էր, թե իր հետ պայմանագիրը չի երկարաձգվել ու պնդում՝ բուհի ղեկավարությունն այն «նախընտրական պայքարի թատերաբեմի է վերածել»: 1.am-ի հետ զրույցում նա էլ ավելի սրեց իր գնահատականները՝ ընդգծելով.- «Որքան մոտենում է նախընտրական շրջանը, այնքան ավելի ակնհայտ է, որ համալսարանում ներկայացվածությունը «Քաղաքացիական պայմանագրի» նվազում է և անհետանում է»:
Հաջորդեցին մյուս իշխանականների քննադատական խոսքերը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, օրինակ, կասկածներ ուներ, թե բուհը քաղաքական հետապնդում է իրականացնում: Մի քանի օր առաջ Ամերիկյան համալսարանը տեսանյութ հրապարակեց, որտեղ նույն նախարարը գովեստի խոսքեր էր ուղղում բուհի «քույրական գործ» ծրագրին, համալսարանը բարձրակարգ ակադեմիական միջավայր անվանում.
«Ես չափազանց ուրախ եմ, որ այս ծրագիրը մեկնարկել է: Գիտեք, ինչ էլ ասեմ՝ գերագնահատած չեմ լինի այն ազդեցությունը, որը կունենա բուժքույրական գործի բակալավրիատի կրթական ծրագրի ներդրումը», - ասել է Առողջապահության նախարարը:
Աղմկահարույց պատմությունից հետո ոչ միայն Անահիտ Ավանեսյանն է վերաբերմունքը փոխել, այլև գլխավոր գործող անձերից Թագուհի Ղազարյանն է Ամերիկյան վերադարձել, բուհից տեղեկացրին, որ նա այժմ դասավանդում է: