Այժմ գլխավոր խնդիրն է Մոսկվայի և եվրոպական գործընկերների միջև ուղղակի շփման ապահովոււմը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները, ով անցնող շաբաթվա ընթացքում Սթիվ Ուիթքոֆի հետ մասնակցեց Ուկրաինայում խաղաղության հարցով բանակցություններին Աբու Դաբիում, ապա հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ:
Քուշների խոսքով՝ բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել, որոնք այժմ ուսումնասիրվում են: «Որոշ գաղափարներ կարող են հանգեցնել ճեղքումների, մյուսները կարող են զարգանալ և դառնալ նոր առաջարկներ, որոնք կօգնեն հաղթահարել մնացյալ տարաձայնությունները», - գրել է Դոնալդ Թրամփի փեսան X-ում:
«Մամուլը հաղորդել է երկու կողմերի որոշ առավելապաշտական պահանջների և կոշտ քաղաքական հռետորաբանության մասին: Մեր մասնավոր զրույցներում երկու կողմերն էլ խոստովանում են, որ պատերազմի ավարտի համար պետք կլինեն գործնական փոխզիջումներ», - գրել է Քուշները:
Թե ինչ նոր գաղափարներ են ի հայտ եկել բանակցությունների ընթացքում, ամերիկացի բանագնացը չի հստակեցրել: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասաց, թե ամերիկյան գործընկերներն առաջին անգամ բարձրացրել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ Դոնբասի տարածքների «փոխանակման» հարցը՝ գաղափար, որ նախկինում չէր քննարկվել:
Ըստ Քուշների՝ Միացյալ Նահանգների նախագահը պնդում է, որ խաղաղ համաձայնագիրը պետք է նախատեսի անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և անվտանգության մասին պայմանավորվածություններ, որոնք կնվազեցնեին նոր պատերազմի վտանգը: Թրամփը կսատարի միայն այնպիսի համաձայնությունը, որը կուժեղացնի Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը, նշել է ԱՄՆ նախագահի փեսան:
Թե երբ տեղի կունենա բանակցությունների նոր փուլը, դեռևս չի հաղորդվում: