ԱՄՆ-ն առաջին անգամ առաջարկել է քննարկել Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերումը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմաց։ ՖրասՊրեսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ, որի մանրամասները հրապարակվել են այսօր։
«Ամերիկացիները հարց բարձրացրին՝ իսկ ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Արդյոք Ուկրաինան այդ դեպքում դուրս կգա՞ Դոնբասից։ Սա առաջին անգամ էր, որ նման հարց էր բարձրացվում»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Կիևը քննարկում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից անվտանգության կոնկրետ երաշխիքներ ստանալու հարցը։ Եթե արևմտյան երկրները հաստատեն այդ երաշխիքները, ինքը մտադիր է հարցը ներկայացնել ուկրաինական հասարակության քննարկմանը։
«Ես իրավունք չունեմ այդ որոշումն ինքնուրույն կայացնելու», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հայտարարել է, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության «միակ իրական երաշխիքն» են։ Նրա խոսքով՝ Մոսկվայի ձգտումը՝ վերանայել եվրոպական անվտանգության համակարգը, վտանգավոր է, քանի որ նման քայլերը կարող են հանգեցնել նոր պատերազմների կամ ռազմական լարվածության սրման:
Ռուսաստանը մերժել է էներգետիկ հրադադարի առաջարկը. Զելենսկի
Զելենսկին նաև հայտնել է, որ Աբու Դաբիում այս շաբաթ անցկացված բանակցությունների ընթացքում Ռուսաստանը մերժել է էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները դադարեցնելու առաջարկը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Կոստյանտինիվկայում «հումանիտար առաքելություն» իրականացնել՝ նպատակ ունենալով հասնել ուկրաինական զորքերի դուրսբերմանը քաղաքից և դրանով ճանապարհ հարթել Դոնեցկի շրջանի մյուս բնակավայրերի գրավման համար։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը խաղադրույք է կատարում այս ձմռանը ռազմական գործողությունների ակտիվացման վրա։