Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է եվրախորհրդարանականներին՝ եվրոպական արժեքներից շեղվելու, Վրաստանում ազատ լրատվամիջոցների վրա հարձակվելու և վրաց ժողովրդին ազատ վիզային ռեժիմի հնարավոր չեղարկմամբ շանտաժի ենթարկելու մեջ։
«Դա ամոթ է և վրաց ժողովրդի նկատմամբ շանտաժ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետը։
Նա այսպես է մեկնաբանել Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ զեկույցի ընդունումը, որտեղ առաջարկ կա պատժամիջոցներ կիրառել վրացական 3 հեռուստաալիքների՝ «Imedi TV», «Rustavi 2» և «POSTV»-ի նկատմամբ, ինչպես նաև` քննարկել Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցումը։
Զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանը նախատեսում է առաջիկայում նոր բանաձև ընդունել Վրաստանի վերաբերյալ։
Կոբախիձեն հավելել է, որ «եվրոպական բյուրոկրատները ցանկանում են քաոս և անկարգություններ Վրաստանում՝ օգտագործելով տարբեր գործիքներ, այդ թվում՝ Եվրամիության անդամակցության գործընթացի շուրջ ճնշումը»։
Անդրադառնալով նախօրեին Երևանում կայացած եվրոպական առաջնորդների գագաթնաժողովին, որոնց մի մասը խիստ քննադատում է Թբիլիսիի քաղաքականությունը, նա նշել է, որ ցուցաբերում են առավելագույն պրագմատիզմ։
«Նույնիսկ, երբ քո երկրի նկատմամբ կա թշնամական վերաբերմունք, դու պետք է առավելագույնս պաշտպանես ազգային շահերը և գործես պրագմատիկ ու դիվանագիտորեն»,- հավելել է Կոբախիձեն՝ շեշտելով, որ գագաթնաժողովի կուլիսներում զրուցել է մոտ երեսուն եվրոպացի առաջնորդների հետ։