Հակակոռուպցիոն դատարանը վաղ առավոտից քննում է գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու քննիչների միջնորդությունը։ այս պահին հայտարարվել է ընդմիջում:
Այն կշարունակվի մոտ մեկ ժամ անց, հայտնի չէ, թե ինչքան կտևի դատական նիստը և երբ կհրապարակվի որոշումը։
Սամվել Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց։
«Միջնորդությունը վերաբերում է տնային կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելուն։ Որ պատկերացնեք հիմքերը և հիմնավորումները նույնպիսինն են կամ այն նույն բովանդակությունը ունեն, ինչ երբ ներկայացվում էր, որ կալանքը կիրառվի որպես խափանման միջոց։ Այսինքն նույն բառերն են, ուղղակի վերջում տնային կալանք բառն է օգտագործվում։ Սա ինչի՞ համար եմ վկայակոչում, որ պատկերացնեք, որ թե՛ կալանքը յոթ ամիս տևած, թե՛ տնային կալանքը երկու ամիս տևած, ոչ մի հիմնավորում անհրաժեշտ չունի։ Պարզապես խափանման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն, որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, դա էլ է ակնհայտ։ Ուղղակի այլևս այս քրեական վարույթը զուտ մի պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ։ Այս միջնորդությունը այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը: Այստեղ երկրորդ կարծիք չկա, որովհետև այն ժամկետը, որով խնդրում են, որ տնային կալանքը երկարաձգվի, ուղիղ մեկ ամսով, ուղիղ միջամտում է քաղաքական պրոցեսներին»։
Դատարանի բակում հավաքված են նաև Սամվել Կարապետյանի աջակիցները, այստեղ նաև բազմաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված:
Դատարանի բակում էր նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Արձագանքելով դիտարկմանը՝ երկար ժամանակ քննարկվում էր, որ կարող է հենց նա գլխավորել Սամվել Կարապետյանի հիմնած քաղաքական ուժի ընտրական ցուցակը և այդպիսով դառնալ այդ ուժի վարչապետի թեկնածուն, Կարեն Կարապետյանն ասաց, որ իրեն նման առաջարկ չի եղել։
Դատարանի բակում հավաքված են նաև Սամվել Կարապետյանի բարեկամները, հարազատները, ընտանիքի անդամները:
Նրա եղբայր Կարեն Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ գործողությունների են պատրաստ լինելու հետագայում, եթե Սամվել Կարապետյանը շարունակի մնալ կալանքի տակ և չփոխվի նրա խափանման միջոցը։
«Ցանկացած որոշում մեր ընտանիքի համար ընկալելի որոշում կլինի։ Գիտե՞ք՝ ինչի համար։ Մեկ է դա մեր վարքագիծը չի փոխելու։ Բերդում կլինենք, հարցի հերթում կլինենք, մեկ է պայքարելու ենք, ինձ կբռնեն, տղայիս կբռնեն, մեկ է պայքարելու ենք։ Սա այն եզույթն է, որ բոլոր կարմիր գծերը իրենք անցել են, էլի վատ բաներ իրենց մասին չեմ ուզում անձնական վիրավորանք, չնայած բազմաթիվ վիրավորանքներ են հնչել մեր ընտանիքի, իմ եղբոր նկատմամբ, մենք իրենց մակարդակին, առաջին օրն եմ ասել, չենք իջնի։ Մեկ է, մենք պայքարելու ենք մինչև վերջ», - ասաց Սամվել Կարապետյանի եղբայրը։
Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ: