Վարչապետ Փաշինյանի հասցեին Ֆեյսբուքում արած գրառումից հետո Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանին, դատարանն էլ նրան երկու ամսով կալանավորել է։
Վարչապետի կոշտ քննադատին մեղադրում են խուլիգանության հոդվածով։ Ըստ Քննչականի՝ արարքը կատարվել է համացանցի միջոցով։ Սակայն թե կոնկրետ որ գրառումներն են դարձել քրեական գործի հիմք, ոչ քննիչները, ոչ էլ փաստաբանը չեն մանրամասնում։ Դատարանը նաև արգելել է բանտում տեսակցել «Ադեկվատ» կուսակցության ղեկավարին:
«Ես միանշանակ կարծում եմ, որ խոսքի ազատությունը վտանգված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը:
Ձերբակալությունից ժամեր առաջ Դանիելյանը Փաշինյանին «վիժվածք» էր անվանել՝ քննադատելով վարչապետի մեկնաբանությունը Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների փոխանակման վերաբերյալ։ Երևանի Մամուլի ակումբի ղեկավարի գնահատմամբ՝ սոցցանցային գրառումների համար կալանավորումները վտանգավոր միտում ունեն:
«Ես կարծում եմ, որ տեղի է ունենում առհասարակ հասարակությանը վախեցնելու փորձ», - նշեց Պապյանը:
Նա ընդգծում է՝ իհարկե, հայհոյանքն ու վիրավորական արտահայտություններն անընդունելի են, սակայն վերջին շրջանում համացանցային գրառումներից հետո տեղի ունեցած ձերբակալությունները, ըստ ԵՄԱ նախագահի, իրավական գործընթացներ չեն. - «Բավական տեսանելի մարդիկ են, երկուսն էլ, չեմ ասում, որ աչքի են ընկնում կոռեկտությամբ, [...] բայց ամեն դեպքում, երբ նման բավական տեսանելի, հայտնի մարդուն, այսպես, ցուցադրական կալանավորում են ֆեյսբուքյան գրառումների համար, դա ասես ազդակ լինի առհասարակ հասարակությանը, որ ֆեյսբուքյան ստատուսները ենթակա են պատժի, ընդ որում՝ բավական խիստ ձևերի»:
Արթուր Դանիելյանից առաջ էլ՝ անցած շաբաթ, համացանցային գրառման համար ձերբակալեցին և մեղադրանք առաջադրեցին գրող Վահրամ Սահակյանին։ Ընդ որում՝ Սահակյանի դեպքում իրավապահները նրան մեղադրյալի կարգավիճակ են տվել դեռ մեկուկես տարի առաջ կատարած գրառման համար։
Լրագրողական կազմակերպության ղեկավարը իրավապահների այս գործելակերպը չի համարում իրական վտանգներին արձագանքելու փորձ։ Նրա գնահատմամբ՝ այս դեպքերը համակարգված են և ուղղված են այլակարծությունը լռեցնելուն ու հասարակությանը վախեցնելուն։
«Անհամաչափ է այդ գործողությունը, այսինքն՝ լավ, մարդը ինչ-որ մի բան է գրել, հարուցեք գործ, բայց կալանավորելը, տեսակցությունների արգելքը և այլն, ի՞նչ եք սպասում՝ երկրից թողնելու է փախչի՞, կամ ո՞ւմ կարծիքի վրա է ազդելու: Մի քանի դեպքում տեսնում ենք, որ կարծես պատժելու բնույթ կրի, երբ որ ամեն տիպի արգելք են սահմանում՝ այսպիսով հոգեբանական հավելյալ ճնշում գործադրելով տվյալ մարդու վրա», - շեշտեց Արթուր Պապյանը:
Սա ազդակ է, թե «իշխանությանը տհաճ գրառումներ մի արեք», նկատում է մեդիափորձագետը։ Նա նշում է՝ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, և լռեցնելու այս փորձերը կարող են լուրջ սառեցնող ազդեցություն ունենալ։
Պապյանը հիշեցնում է Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության օրերը, երբ այն ժամանակվա իշխանությունների դեմ դագաղներով գրառումներ էին արվում։ Դրանց համար, ասում է, որևէ մեկը չպատժվեց:
«Եվ հիմա էլ, երբ ընդդիմադիրների հասցեին կոչեր են հնչում, ատելության խոսք է հնչում, չենք տեսնում ինչ-որ այդպիսի արագ արձագանք իշխանությունների կողմից կամ դատական համակարգի կողմից», - նկատեց ԵՄԱ նախագահը:
Մոնիթորինգ իրականացնող կազմակերպության ղեկավարը չի հանդիպել որևէ վարույթ, որ քննի ընդդիմադիր գործչի դեմ ատելության խոսքը: Մյուս կողմից էլ, ասում է՝ վարչապետի կոշտ քննադատությունը դատավորների հասցեին կաշկանդում է նրանց, ու այս պայմաններում ականատես ենք լինում ընտրովի արդարադատության դեպքերի:
«Քրեական արդարադատության դաշտ տանելը որևէ խոսք՝ դա բացառիկ միջոց է ու ծայրահեղ միջոց է. ուրեմն՝ խոսքը պետք է այնքան վտանգավոր լինի, այնքան իրականում ատելության ու ինչ-որ բռնության կոչ մեջը լինի, որը որ ռեալ կլինի, որ հիմք լիներ քրեական գործ հարուցելու: Հայաստանում այդպես չէ», - «Ազատությանը» ասաց իրավապաշտպան Աննա Մելիքյանը:
Մելիքյանը, որ ուսումնասիրում է խոսքի ազատության հետ կապված քրեական գործերը, ընդգծում է՝ ընդդիմադիրների դեմ գործերի մի մասը չպետք է դառնային քրեական վարույթի առարկա, իրավապահները պետք է նման դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկեն, բայց օրենքն այդպիսի հնարավորություն չի տալիս:
Քարոզարշավի թեժ պահին Փաշինյանը մեկ անգամ չէ ատելության խոսք ու սպառնալիքներ հնչեցրել ընդդիմադիրների հասցեին, բայց նույն իրավապահները դրանք քննության առարկա չդարձրին: Սա է ընտրովի արդարադատությունը, նկատում են իրավապաշտպաններն ու իրավապահներից պահանջում գործել օրենքով: Իրավապահ մարմինների ղեկավարները, սակայն, վստահեցնում են՝ օրենքով են շարժվում: