Ձերբակալվել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը՝ Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և քարոզելու մեղադրանքով, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:
Ըստ Քննչականի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 8-ին Սահակյանը, «օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում»: Այս տարվա սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ նրա հրապարակումը պարունակում է ատելություն:
Այսօր Վահրամ Սահակյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»:
Թե կոնկրետ ինչ է գրել սոցցանցում Սահակյանը նշված օրը, պարզել հնարավոր չեղավ:
Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: