Մատչելիության հղումներ

«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ատելության խոսք». վարչապետին ուղղված խոսքերից հետո շենգավիթցին ճաղերի հետևում է

Արտակ Ավետիսյան, լուսանկարը՝ Ֆեյսբուքից
Արտակ Ավետիսյան, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմած տղամարդն արդեն մեկ օրից ավելի է ճաղերի հետևում է։ Մինչ վարչապետը երեկ երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանում էր Փաշինյանին:

«Էդ թռածների կուտոկին հավաքի, արի Շենգավիթ: Էս Շենգավիթի մետրոյի հետևի այգին ա, էս էլ շենքերն ա», - ասում էր Ավետիսյանը:

Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն, ձերբակալել գործարար տղամարդուն:

«Բռնի կերպով ամուսնուս կանդալները հագցրեցին և տանում են՝ հրելով բոլորիս, տարեց մորը, այ սրանք», - ասում էր Ավետիսյանի կինը:

Ձերբակալությունից հետո իրավապահները լուռ են: Քննչական կոմիտեն չի մանրամասնում, թե ինչու է 24 ժամ տղամարդուն պահում անազատության մեջ:

«Ազատության» տվյալներով՝ վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով, որը նախատեսում է 1-4 տարվա ազատազրկում: Ավետիսյանին դեռ մեղադրանք առաջադրված չէ, Քննչականը դեռ ժամանակ ունի ուսումնասիրելու՝ արդյո՞ք նրա արտահայտությունները օրենքի խախտում են:

«Երկու ոստիկանական էր, մեկը սովորական քաղաքացիական համազգեստով էր, տղայիս թևը ոլորած, ձեռնաշղթան հագցրած, ու քաշքշում են: Զարմացանք, գոռացի, ասի՝ «էս ի՞նչ եք անում, տան դռան դեմը, շեմին, կարելի է՞ էդպիսի բան անել, էս ի՞նչ եք անում», - «Ազատությանը» պատմեց Արտակ Ավետիսյանի մայրը՝ 76-ամյա Անահիտ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ որդին տանը չէր, զանգել էր, ասել, որ շուտով կգա: Սակայն որդուն և ամուսնուն սպասող տան կանանց դրսից լսվող աղմուկ-աղաղակն է ստիպել դարպասներից դուրս գալ. - «Ինչքան ասում եմ՝ էդ ձեռնաշղթան բռնողը, թևը բռնողը ավելի է ուժեղ ոլորում, որ ավելի շատ ցավ պատճառի էդ թևին; Մի խոսքով՝ հարսս էլ դուրս եկավ հետս միասին, հարսիս հրմշտեցին՝ հղի է, 7 ամսական հղիություն ունի»:

Ձերբակալվածի մայրը պատմեց, որ իրեն ևս հրել են: Համացանցում տարածված կադրերում լսելի է, որ Արտակ Ավետիսյանն ու մայրը ոստիկաններին հորդորում են ձեռնաշղթաներ չանցկացնել, որ նա չի փախչի, բայց իզուր, անպատասխան են մնացել նաև հարցերը, թե ուր են տանում:

«Չէ, ոչ մի բան մենք չիմացանք, ... հարցրինք՝ «ի՞նչ եք անում, ինչի՞ համար եք սենց անում», ոչ մի պատասխան չստացանք: Վերջում նոր իմացանք, որ տանում են Շենգավիթ քաղմաս», - ասաց Անահիտ Հակոբյանը:

Մայրը տարակուսած է՝ որդին, ճիշտ է, կոպիտ ձևով է արտահայտվել, բայց դա հանցագործություն չէ, պնդում է. - «Որովհետև, նախ, դա միայն իմ տղան չի ասում, ո՞ր մեկի բերանը պիտի փակի»:

Արտակ Ավետիսյանի փաստաբանն այսօր չցանկացավ մեկնաբանություններ տալ: Իսկ մի շարք ընդդիմադիրների շահերը պաշտպանող փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է, թե Ավետիսյանի արտահայտություններում օրենքի խախտում չկա. - «Հանդուգն, հանդուգն որ ասում են, բառիս բուն իմաստով, այսինքն, էդտեղ ոչ մի ապօրինի բան չկար, մի բառ կար ընդամենը, որ էդ էլ հաստատ թեմա չի: Ընթացքում քննադատում է էն բոլոր բաների համար, որոնք որ շատ բնական քննադատելի բաներ են: Ընդհանրապես կրիմինալ չկար, էլի»:

Մելիքյանը շարունակում է պնդել՝ իրավապահներն, իրենց բուն գործառույթները թողած, ընկած են քաղաքական գործերի հետևից: Այս է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման հարցում հապաղում են: Օրինակ է բերում Վեդիի անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործը, որն ակտիվ քննության փուլ մտավ միայն լրագրողների բացահայտումներից հետո:

«Պեդոֆիլների պարագայում տեսեք ինչքան ժամանակ տևեց՝ ամիսներ տևեց, ազատության մեջ էին, ինչ ասես տեղի չունեցավ», - ընդգծեց Մելիքյանը:

Հայաստանյան իրավապաշտպանները շարունակում են մատնացույց անել նաև իրավապահների խտրական մոտեցումը, երբ ակտիվություն են ցուցաբերոմ հիմնականում իշխանության քննադատների նկատմամբ: Իսկ այլ դեպքերում պասիվ են, ինչպես, օրինակ, տեսախցիկների առջև Կաթողիկոսի գլուխը քարով ջարդելու կոչ արած գառնեցի տղամարդու դեպքում: Չնայած ամիսներ առաջ հարուցված գործին՝ տղամարդը մեղադրյալ չէ, ազատության մեջ է: Քննչականն ասում է, որ նախաքննությունը շարունակվում է:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG