Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ սկզբնապես համաձայն չի եղել Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին, սակայն ընդունել է այն նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից հավաստիացումներ ստանալուց հետո։
«Սկզբունքորեն ես այլ տեսակետ ունեի», - նախօրեին հրապարակված գրավոր ուղերձում պարզաբանել է Խամենեին, ով մարտին Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո հանրության առաջ չի երևացել։
«Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարգարժան նախագահի․․․ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի մյուս անդամների անունից իրանական ազգի իրավունքները․․․ պաշտպանելու մասին ինձ հայտնած հանձնառությունը և այս հարցում նախագահի կողմից պատասխանատվության հստակ ստանձնումը, ես արտոնեցի այն», - ասվում է Խամենեիի ուղերձում։
Նշվում է, որ Փեզեշքիանը Խամենեիին հավաստիացրել է՝ եթե Վաշինգտոնը առավելապաշտ պահանջներ ներկայացնի, Թեհրանը չի ընդունի դրանք։
ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագիրը երկու երկրների նախագահները թվային ձևաչափով ստորագրել էին նախօրեին։ Փաստաթուղթը 60 օր է նախատեսում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։
Անդրադառնալով Վաշինգտոնի հետ սպասվելիք բանակցություններին՝ Խամենեին հայտարարել է․ «Ակնհայտ է, որ ցանկացած դեմ առ դեմ բանակցություն, որը կարող է տեղի ունենալ ապագայում, չպետք է մեկնաբանվի իբրև թշնամու դիրքորոշման ընդունում»։