Մատչելիության հղումներ

Խաղաղության երաշխավորների ամենալավ ֆորմատը, ըստ Քոչարյանի, «հենց Մինսկի խմբի ֆորմատն էր»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այսօր չեղարկեց Թալինի հանդիպումը: Ինչպես պնդեցին՝ համայնքապետարանից ասել էին, թե չեն կարող ապահովել ընդդիմադիրների հանդիպումը իրենց նախընտրած վայրում՝ Նիկոլ Փաշինյանի այցի պատճառով: Համայնքապետարանից չեն արձագանքել սա վարչական ռեսուրսի չարաշահում համարող «Հայաստան» դաշինքի մեղադրանքին:

Իսկ Մարալիկում շրջելուն խանգարեց հորդառատ անձրևը: Այն գնալով ուժեղացավ, ու հանդիպումը «Հայաստան» դաշինքում ընդգրկված Դաշնակցության գրասենյակ տեղափոխվեց:

Մարալիկցիներից մեկը մտահոգ էր ու հետաքրքրվեց, թե ինչ է սպասում հայ-ռուսական հարաբերություններին: Կա՛մ խզվում է, կա՛մ ախպերություն է, ասաց Քոչարյանն ու հավելեց՝ ամեն ինչ ընտրողի ձեռքում է:

«Այն խոսույթը, որը այսօր պաշտոնյաները ունենում են այնտեղ, ուղղակի մի բանի մասին է խոսում, որ ինչ-որ մի կետ կա, որից էլ շրջվելու տարբերակ չես ունենալու, շատ մոտ է Հայաստանը այդ կետին, իսկապես շատ մոտ է», - հայտարարեց երկրորդ նախագահը:

Հայ-ռուսական հարաբերությունների հարցը գլխավորներից էր, որ հուզում էր հավաքվածներին:

«Ինչքանո՞վ է իրենց անհանգստացնում էստեղի վիճակը, ասենք՝ իրենք փորձո՞ւմ են ինչ-որ բան Ձեզ հետ շտկել, թե՞ չէ», - այս հարցին Քոչարյանն արձագանքեց. - «Ես այդ լծակները չունեմ շտկելու համար: Իհարկե շփումները կան, շփումները կան: Ռուսաստանում մի բան կա, մի մոտեցում կա՝ իրենք որոշակի վերաբերմունք ունեն սենտիմենտալ հայ ժողովրդի նկատմամբ, էդ ունեն»:

Մի տարեց մարդու էլ մի հարց էր հուզում. - «Կարո՞ղ ա ես տեսնեմ, որ Ղարաբաղը կեղնի մերը»:

Քոչարյանը պատասխանեց, թե դա ամենաբարդ հարցն է: «Ինչ պետք է անենք առաջինը՝ պետք է Ղարաբաղի ժողովրդի իրավունքը հաստատենք: Մինչև այնտեղ՝ էդ հողի վրա, մինչև տեղում էդ մարդիկ չլինեն, ուրիշ հարցերի մասին խոսելը անիմաստ է: Ուրեմն՝ իրավունքը պետք է ճանաչվի՝ վերադարձի իրավունքը, վերադարձի իրավունքը ենթադրում է անվտանգ վերադարձ, անվտանգ վերադարձը նշանակում է որոշակի երաշխիքներ: Եթե սա չկա, էն մնացածի մասին խոսակցությունը ավելորդ խոսակցություն է», - ասաց նախկին նախագահը:

Քաղաքական այս ուժը հայ - ադրբեջանական խաղաղությունը հնարավոր է համարում երաշխավորների պարագայում: Ո՞ր երկրներին է տեսնում որպես երաշխավոր, «Ազատություն»-ը հետաքրքրվեց երկրորդ նախագահից:

«Ինձ թվում է՝ ամենից լավ ֆորմատը հենց էդ Մինսկի խմբի ֆորմատն էր, այդ պետությունների ֆորմատը՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, և կարծում եմ՝ ինքը ժամանակին աշխատող ֆորմատ էր: Չնայած հակասություններին իրար մեջ՝ բավական արդյունավետ աշխատել են երկար տարիներ: Եվ երբ խոսում եք երաշխավորների մասին, երաշխավորները պետք է կարող պետություններ լինեն, պետք է հնարավորություն ունենան, բավարար հզորություն և ազդեցություն միջազգային ասպարեզում ունեցող երկրներ պետք է լինեն: Չի կարող, օրինակ, Քենիան կամ Նեպալը երաշխավոր լինի այս համաձայնագրի, ամենայն հարգանքով այդ երկրների [նկատմամբ]», - ասաց Քոչարյանը:

«Առանց երաշխավոր չի՞ լինի», - սրան էլ նախկին նախագահն արձագանքեց. - «Դուք բերեք գոնե մեկ օրինակ, երբ կոնֆլիկտից հետո խաղաղություն է հաստատվել առանց երաշխիքային համակարգի: Իհարկե չի լինի: Որովհետև չկա երաշխիքային ընդհանրապես համակարգ, նշանակում է մեկ բան՝ խաղաղությունը կախված է լինում մեկ մարդու ցանկությունից, տրամադրությունից: Սա խաղաղություն չի, սա նշանակում է, որ կա ուժեղ կողմ, կա թույլ կողմ, և միշտ թույլ կողմը ճնշված վիճակում է լինելու, տվյալ դեպքում՝ Հայաստանը: Կամ պետք է ստեղծես այդ ուժերի բալանսը, ստեղծվի հավասարակշռություն, իսկ դրա համար տարիներ է պետք: Սա է, շատ պարզ տրամաբանություն է»:

Ֆրանսիայի, Ռուսատանի, ԱՄՆ-ի համանախագահությամբ գործած ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի նախապայմաններից էր: Երևանը համաձայնեց դրան նախքան ստորագրումը՝ Հայաստանն ու Ադրբեջանը անցած տարի Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ դիմեցին ԵԱՀԿ-ին, որ խումբը լուծարվի: Այս կառույցը 44-օրյա պատերազմից հետո Ալիևի կոշտ քննադատությանն է արժանացել, Ադրբեջանի առաջնորդը այն ոչ գործունակ ու անարդյունավետ էր անվանում, համանախագահներին պարբերաբար «թոշակի ուղարկում»:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG