Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը խոսել է «իշխանությունների սանձազերծած բռնաճնշումների» և եկեղեցու դեմ «հակասահմանադրական քայլերի» մասին

2026-ի օգոստոսի 2-ն Գարեգին Երկրորդն իր օրհնանքը հղեց ոչ թե խորհրդարանի դահլիճում, ինչպես նախատեսված է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, այլ Մայր Աթոռի դահլիճում՝ խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսը խորհրդարան չէր հրավիրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու եկեղեցու միջև սուր հակասության ֆոնին։ Եթե 2021-ին նիստը նախագահող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը խորհրդարանի անդրանիկ նիստը բացում էր կաթողիկոսի օրհնանքով, ապա երեկ արդեն նա հարց չբարձրացրեց՝ ինչո՞ւ Վեհափառը դահլիճում չէ։ Ավելին, ընդդիմադիրների հարցերին, թե որտեղ է կաթողիկոսը, Հասանովը սլաքներն ուղղում էր Գարեգին Երկրորդի ուղղությամբ՝ նշելով.- «Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկ դրա դեմը չէր կարող առնել»:

Այն, որ կաթողիկոսը խորհրդարան չէր հրավիրվելու, իշխող ՔՊ-ն հայտարարել էր նախապես: Ավելին, խորհրդարանի նստաշրջանի բացմանն ընդառաջ վարչապետ Փաշինյանը վերահաստատել էր իր հայտնի ձևակերպումը. «Ի՞նչ նկատի ունեք կաթողիկոս ասելով, ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում»:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքը երեկ հակասահմանադրական ու հակաօրինական որակեցին կաթողիկոսին խորհրդարան չհրավիրելու իշխանության քայլը և օրհնություն ստանալու համար նիստի ավարտին մեկնեցին Մայր Աթոռ: Հանդիպման ավարտին Հայ Առաքելական եկեղեցին տեղեկացրեց որ Վեհափառն իր օրհնությունն է փոխանցել պատգամավորներին՝ ընդգծելով, որ «հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության՝ մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու հայրապետական պատգամը»։

Ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, ըստ պաշտոնական հաղորդագրության, խոսել է երկրում տիրող «մտահոգիչ վիճակի», այդ թվում՝ «Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող հակասահմանադրական» քայլերի մասին։

«Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ։ Մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նաև հայոց եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում:

«Շատ մեծ շեշտադրում կատարեց նաև ներազգային պառակտման և դրա անթույլատրելիության վրա և ընդհանուր այս ապօրինությունների, անարդարության մթնոլորտի, ընդհանուր մեր հիմնական զրույցը դրա մասին էր, որ հատկապես ներազգային պառակտումը, իսկապես, անթույլատրելի է մեր նման ազգերի համար, բայց իշխանությունը ամեն բան անում է, այսպես յուղ է լցնում հնարավոր ամեն պրոցեսի վրա, որ այդ պառակտումը ավելի ակնհայտ լինի»,- Մայր աթոռում Վեհափառին հյուրընկալված ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ աննախադեպ էր Ամենայն Հայոց կաթողիկոսին խորհրդարան չհրավիրելու իշխող ՔՊ-ի որոշումը։

Թեև ընդդիմադիր պատգամավորի համար սա սպասելի էր, հաշվի առնելով Գարեգին Երկրորդի դեմ վերջին շրջանում իշխանական արշավը, Գրիգորյանը նաև հիշեցնում է, որ վարչապետ Փաշինյանն անգամ իր նախընտրական ծրագրում է ամրագրել կաթողիկոսի հեռացման հարցը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ թեև Վեհափառին հեռացնելու ՔՊ օրակարգն այս պահին մղվել է երկրորդ պլան, բայց իշխանությունը դրանից չի հրաժարվել։

«Ակնհայտ է, որ այս փուլում շատ այլ առաջնահերթություններ կան, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից պարտադրվող Սահմանադրության փոփոխություն, այսպես կոչված անկլավների հանձնման գործընթաց, տնտեսական խնդիրներ, ռուսական սանկցիաներ և այլն, և այլն։ Եվ այս համատեքստում, այո, այդ ծրագիրը կաթողիկոսի հեռացման, մղվել է երկրորդ պլան, բայց շարունակում է լինել իրենց պատկերացումների մի մասը։ Բայց, եթե անկեղծ ասեմ, այդպես առանձին քննարկում չենք ունեցել, բայց կաթողիկոսը վերջին ամիսներին իսկապես ձիգ կանգնած է եղել իր տեղում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Այսօրվանից Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող 36-ամյա Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» հարցին ի պատասխան երեկ Գարեգին Երկրորդին դիմում էր նրա ավազանի անունով, պնդելով, թե այդպիսի կաթողիկոս ինքը չի ճանաչում, թեև այլ անունով կաթողիկոսի էլ ՔՊ-ական պատգամավորը չէր մտաբերում։

«Այդ մարդու հետ կապված հարցերը գնացեք իրեն տվեք: Եթե Կտրիճ Ներսիսյանին նկատի ունեք, գնացեք իրենից հարցրեք»,- ասաց Ռուբինյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպմանն իր գնահատանքի խոսքն է հղել նրանց. «Հայոց եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրման և սիրո համար՝ հատկապես այս դժվարին շրջանում, երբ շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար Սամվել Կարապետյանը»,- ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG