Մատչելիության հղումներ

Կապանում նորից կառաջադրվի ՔՊ-ին երկու անգամ հաղթած համայնքապետը

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյան, արխիվ
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյան, արխիվ

Նոյեմբերի համայնքային ընտրություններում Կապանը թեժ կետերից է լինելու: Գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը չի նահանջի ընդդիմադիր դիրքերից ու Փաշինյանի թիմի հետ համերաշխություն չի լինի, ինչպես եղավ Գորիսում, վստահեցնում է նրա թիմակից Շահեն Հարությունյանը:

«Անկախ ամեն ինչից՝ Կապանը չի կարող սովորական, այսպես, ընտրության նման անցնել, որովհետև Կապանում համայնքապետը պահպանում է իր ընդդիմադիր հայացքները և կեցվածքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը:

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահի պնդմամբ՝ «ինչպես 2021-ին, այնպես էլ հիմա՝ 2026-ին, բնականաբար, էդպես «Համերաշխություն» դաշինք չի լինի, Գևորգ Փարսյանը միակ ընդդիմադիր համայնքապետն է դեռևս մնում»:

Փարսյանը երրորդ անգամ է պայքարում Կապանի համայնքապետի պաշտոնի համար: Վարչապետ Փաշինյանի կուսակցությանը հաղթել է երկու անգամ, նույնիսկ 2018-ին՝ հեղափոխության թունդ փուլում: Փարսյանն էլ Սյունիքի մյուս համայնքապետերի պես պատերազմից հետո միացավ Փաշինյանի դեմ պայքարին, 2021-ին էլ առաջադրվեց «Շանթ» դաշինքով ու հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին»:

«Միակ օջախն էր Կապան համայնքը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը պարտվեց», - նշեց Շահեն Հարությունյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանն է՝ նույն թեկնածուն է, որ հեղափոխության օրերին պարտվեց այսօրվա մրցակցին: Ինչո՞ւ է նորից Բաբայանն առաջադրվել, ի՞նչ ակնկալիք ունի նոյեմբերի 29-ի ընտրություններից, որ նորից պայքարելու է իրեն հաղթած թեկնածուի դեմ:

«Մի քանի ամիս առաջ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ամենամեծ քանակով քվեն, այսինքն՝ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը վայելում է կապանցիների աջակցությունը, և կարծում ենք, որ ՏԻՄ ընտրություններին նույնպես կապանցիները իրենց քվեն կտան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՔՊ թեկնածուն:

«Քաղաքացիական պայմանագրից» Կապանի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայան, արխիվ
«Քաղաքացիական պայմանագրից» Կապանի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայան, արխիվ

Ըստ Նարեկ Բաբայանի՝ 2018-ին Գևորգ Փարսյանը հաղթեց, քանի որ աջակցում էր հեղափոխությանը: «Ազատություն»-ը նրան հիշեցրեց 2021-ը, երբ Փարսյանը պայքարում էր պատերազմում պարտությունից հետո վերընտրված Փաշինյանի ուժի դեմ ու շուրջ երեք անգամ շատ ձայն ստացավ:

«Այդ ժամանակ ընտրությունները արտահերթ էին, ու մեր համար շատ ծանր ու լարված փուլում են եղել այդ ընտրությունները, երբ, մի կողմից, սահմանազատման լուրջ խնդիրներ, սահմանային լուրջ հարցեր, և ընտրությունները մեր համար անցել են շատ լուրջ ճնշման տակ: Իսկ հիմա, կարծում եմ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է խաղաղության իր խոստումը, և այսօր ավելի հանդարտ ու շատ ավելի լավ մթնոլորտում ենք մոտենում պրոցեսին», - նշեց Բաբայանը:

Մինչ համայնքապետի թեկնածուն նախորդ պարտությունների պատճառներն է վերլուծում ու ակնկալում է, որ խորհրդարանական ընտրությունների պատկերը կկրկնվի, ու ինքն էլ կդառնա համայնքի ղեկավարը, Նիկոլ Փաշինյանն արդեն բացատրել է՝ խորհրդարանական ու տեղական ընտրությունները համեմատելի չեն: Փորձը ցույց է տվել, որ ընտրողները որոշ համայնքներում մերժում են ՔՊ-ին, և այդ հակասությունը հանգուցալուծելու համար, ըստ վարչապետի, համերաշխության դաշինք ձևավորեցին Գորիսում, իշխանության թեկնածուն դարձավ նախկին ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանը:

«Եվ մեր հետազոտություններն էլ են էդ ցույց տալիս, հարցումները, որ մենք էլի նույն իրավիճակը մեծ հավանականությամբ կարող ենք ունենալ, երբ որ համապետական ընտրություններում քվեարկում է «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, ՏԻՄ ընտրություններում՝ 180 տոկոս հակառակը; Եվ էս փաստը ինքնին լարում է առաջացնում, և մենք որոշել ենք, այո, գնալ համերաշխության ճանապարհով», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Փորձե՞լ են Գևորգ Փարսյանի հետ էլ նույն սցենարով գնալ: Նարեկ Բաբայանը հերքեց, շեշտեց, թե առաջին քայլն Առուշանյանն է կատարել՝ հունիսյան ընտրություններում ՔՊ-ին աջակցելով, իսկ Կապանում բոլորովին այլ պատկեր էր. - «Մեր մրցակիցը Ազգային ժողովի ընտրություններին պաշտպանել է ընդդիմության թեկնածությունը, պաշտպանել է մեր համար քառագլուխ պատերազմի կուսակցությանը, և կարծում եմ՝ կապանցիները դա ֆիքսել են»:

«Մենք վստահ ենք, որ Կապանում այլ պատկեր է լինելու, և ընդդիմությունը հաղթանակ է ունենալու՝ ի դեմս Գևորգ Փարսյանի, Կապան համայնքում», - պնդեց Շահեն Հարությունյանը:

Անցած կիրակի կայացած ընտրություններում ՔՊ-ն 19 համայնքից միայն երկուսում 50+ տոկոս չստացավ:

Նոյեմբերի 29-ին ընտրություններ կլինեն ևս 14 համայնքներում: Նոյեմբերյանում էլ իշխանության հիմնական մրցակիցը գործող համայնքապետն է, նախորդ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրվեց ու նա էլ հաղթեց ՔՊ-ին: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստան»-ը նոյեմբերին սպասվող ընտրություններին դարձյալ ակտիվ չի լինի: Կպայքարեն միայն Սպիտակում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG