Մատչելիության հղումներ

ՔՊ-ին աջակցելուց՝ «առողջ ընդդիմություն»․ ԲԱԿ-ը հավակնում է «պետականամետ ընդդիմության» դերին

«Բարոյական արժեքներ»`«Հայանտառի» փոխտնօրենի ղեկավարությամբ. առաջիկա ՏԻՄ ընտրություններին առաջին անգամ մասնակցող այս կուսակցության նախագահ Սիմոն Պետրոսյանը վստահեցնում է՝ հենց իրենք են այն առողջ ու պետականամետ ընդդիմությունը, որի մասին երեկ խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք համարում ենք մեզ որպես առողջ ընդդիմություն: Պարտադիր չի, որ ամեն ընդդիմություն պետք է ձգտի՝ գա ամեն ճանապարհով իշխանության, այսինքն՝ ամեն ինչ օգտագործի իշխանությունը վերցնելու համար», - ասաց Պետրոսյանը:

Բայց որքանո՞վ կարող է ընդդիմադիր ու անկախ լինել մի ուժ, որի ղեկավարը 2020 թվականից ի վեր պետական պաշտոնյա է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։

71-ամյա Պետրոսյանը նախկին ՔՊ-ական է, ով 2023-ին լքել է իշխող թիմը, բայց վերջին՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններում սատարել նույն իշխանությանը։ Մայիսին Սիմոն Պետրոսյանն անգամ սոցցանցում էր հայտնել ՔՊ-ին բարոյական արժեքների աջակցության մասին. «Բարոյական արժեքներ» կուսակցությունը հանդիսանում է հեղափոխական գաղափարներ կրող ուժ և հանդես է գալիս առողջ ընդդիմության դիրքերից։ Այո՛, մենք ունենք որոշակի անհամաձայնություններ գործող իշխանությունների հետ, միևնույն ժամանակ չենք կարող չգնահատել այն դրականը, որը տեղի է ունեցել գործող իշխանությունների կառավարման ութ տարիների ընթացքում։ Հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի շուրջ՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ կուսակցությանը»:

Այսօր Պետրոսյանը, մինչդեռ, վստահեցնում է՝ պատրաստ է քննադատել իշխանություններին նույնիսկ բարձր պաշտոնից. «Այսինքն, եթե մեկը փորձում է հակառակ կարծիք հայտնել, նա պետք է աշխատանքից դուրս գա՞: Ես ասում եմ՝ դա նորմալ է: Ես վաղուց չեմ քննադատել, որովհետև չեմ մտել քաղաքականության մեջ, մենք նոր ենք մտնում»:

Ինչպե՞ս է պատրաստվում «առողջ քննադատությամբ» արդյունքի հասնել մի համակարգում, որտեղ ընդամենը մեկ տարի առաջ վարչապետն աշխատանքից ազատում էր այլակարծիք ենթակային՝ «Կառավարությունը ես եմ» հայտնի կարգախոսով։

«Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն, շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ: Չի կարա որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա», - այս արտահայտությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե գործող ընդդիմությունը՝ «լրտեսական է և դրսից է կառավարում, և Հայաստանին նոր ընդդիմություն է պետք»: Բայց նորի ձևավորման հարցում, ասում է, զգուշավոր են, որպեսզի «կառավարվող ու կեղծ ընդդիմություն» չստեղծեն։

Միաժամանակ պետական պաշտոնյա ու իշխանության քննադատ ներկայացող Սիմոն Պետրոսյանը, որ լքել է իր առաջարկներն անտեսող կուսակցությունը, ասում է՝ անհատի դիրքերից դժվար էր՝ քաղաքական ուժի դիրքից կհաջողեն:

«Ամեն մի ուժ իր մեջ ունի նաև ընդդիմադիր, որոնք որ համաձայն չեն որոշ հարցերում: Մենք այդ ուժն ենք ստեղծել, հավաքվել, կուսակցությունը ստեղծել հենց այդ պատճառներով, որովհետև կան հարցեր, կան լուծումներ, որոնք տալիս է այսօր ՔՊ-ն, մենք դա չենք ընդունում: Կան սխալներ, որոնք մենք դա չենք ընդունում», - նշեց Պետրոսյանը:

Նոյեմբերի վերջին կայանալիք ՏԻՄ ընտրություններին հանրությանը հիմնականում անծանոթ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը հայտ է ներկայացրել Սպիտակում և Ամասիայում։ Երկու համայնքում էլ «Բարոյական արժեքների» թեկնածուները ՔՊ-ից նեղացած ու դուրս եկած տեղացիներ են․ Սպիտակում՝ համայնքապետի հետ հակասությունների, Ամասիայում՝ առաջադրում չստանալու պատճառով։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG