«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկությունն ավարտվել է:
Քննչական կոմիտեի խոսնակն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում են կատարվում քննչական գործողություններ, թե ինչ գործ է՝ չէր մանրամասնել:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց՝ քրեական վարույթ է նախաձեռնվել հարկերից չարամտորեն խուսափելու և փողերի լվացման համար:
«Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 8-ին: Համենայն դեպս հաղորդումն այդ ժամանակ է ներկայացվել, ամսի 9-ին արդեն քրեական վարույթը նախաձեռնվել է: Ֆիքսենք, որ քրեական վարույթը նախաձեռնելուց հետո միայն 4 ամիս անց որոշել են համապատասխան խուզարկություններ կատարել: Խուսափելու հետ կապված գործը վերաբերում է հետևյալին, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը 2015-2025 թվականներն իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ իբրև Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված, հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները տվյալ պարագայում անմիջապես ներմուծող և արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև թույլ է տվել, որպեսզի այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից ու արդյունքում որոշակի գործարքներ կատարելով լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները», - ներկայացրեց Փաստաբանը:
Թե որ բարձրաստիճան հոգևորականի մասին է խոսքը, Ալեքսանյանը պատասխանեց. «Հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ առկա չեն»:
«Այս վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ: Եթե 4 ամիս առաջ է նախաձեռնվել, ինչ-որ նվազագույն տվյալներ այդ ժամանակ են ունեցել: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց այդ ժամանակ էլ որպես հրատապ կատարվող քննչական գործողություն խուզարկություն, եթե դրա անհրաժեշտությունը կար, պետք է կատարեին հենց նույն օրը կամ հաջորդ օրը, բայց ոչ 4 ամիս անց: Ո՞րն է դրա պատճառը, կարծում եմ, բոլորը դրա պատասխանը շատ լավ գիտեն», - ասաց նա:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը 2024 թվականին դատապարտվել է 3 տարի 7 ամիս 13 օր պայմանական ազատազրկման: Դատարանը Չարչյանի նկատմամբ պատժամիջոցը պայմանականորեն չէր կիրառել, սահմանվել էր փորձաշրջան 3 տարի ժամկետով: Հայտնի բժիշկը մեղադրվում էր բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար, մեղադրանքը չէր ընդունել: