Իսրայելը այաթոլլա Ալի Խամենեիին հետևել է Թեհրանի ճանապարհային երթևեկության տեսախցիկների միջոցով, որոնք «գրեթե բոլորը» մի քանի տարի առաջ հաքերային հարձակման ժամանակ «կոտրվել» էին: Դրանցից ստացվող պատկերները կոդավորվել և փոխանցվել են Թել Ավիվի և Իսրայելի հարավում գտնվող սերվերներին, գրում է Financial Times-ը՝ երկու աղբյուրի հղումով:
Տեսախցիկների բովանդակությանը հասանելիություն ստանալը բազմամյա հետախուզական արշավի մաս է եղել, որը հնարավորություն է տվել նախապատրաստել Իրանի գերագույն առաջնորդի սպանության գործողությունը։
Թերթի տվյալներով՝ իսրայելական հետախուզական ծառայությունները մշտական հսկողություն են սահմանել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների վարորդների և թիկնապահների նկատմամբ Պաստյորի փողոցի տարածքում, որտեղ գտնվում էր Խամենեիի նստավայրը։
Տեսախցիկներից մեկի դիտանկյունը հատկապես «հաջող» է եղել գործողության համար. այն հնարավորություն է տվել տեսնել, թե որտեղ են անվտանգության աշխատակիցները կայանում իրենց անձնական մեքենաները: Սա, իր հերթին, իսրայելական հետախուզությանը թույլ է տվել ուսումնասիրել փակ և խիստ պահպանվող օբյեկտի առօրյա կյանքը:
Ալգորիթմների միջոցով հետախուզական գործակալությունները տարիներ շարունակ կազմել են իրանցի անվտանգության աշխատակիցների վերաբերյալ «դոսյեներ»։ Դրանք ներառել են նրանց տների հասցեները, նրանց աշխատանքային ժամերը, տեղաշարժի երթուղիները և ամենակարևորը՝ տեղեկություններ այն մասին, թե ում էին նրանք պաշտպանում և տեղափոխում։
Տեսախցիկների և հեռախոսային ցանցերի վերլուծության շնորհիվ հետախուզությունը կարողացել է բարձր ճշգրտությամբ որոշել, որ Խամենեին շաբաթ առավոտյան իր գրասենյակում կլինի երկրի բարձրագույն ղեկավարության մյուս անդամների հետ միասին։