«Մեր կյանքում մեծ բան չի փոխվում», «ի՞նչ այլընտրանք կա». իշխանությունն ու ընդդիմությունը՝ ՀԱՊԿ-ի որոշման մասին

Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Հավաքական անվտանգության կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը: Մինչ այդ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն է հայտարարում՝ «մեր կյանքում առանձնապես մեծ բան չի փոխում այս որոշումը:

Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կայացվել է երեկ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում: Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր՝ ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»:

«Գուցե մի օր էլ գա, որ ՀԱՊԿ անդամ երկրները նույն կերպ հավաքվեն ու որոշեն մեզ դուրս հանել կազմակեպությունից, դրան ևս ըմբռնումով կմոտենանք, ինչպես այս որոշմանն ենք ըմբռնումով մոտենում: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ մենք չենք ձեռնարկելու մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում ակտիվացնելու քայլեր», - ասաց Սարգիս Խանդանյանը:

Միևնույն ժամանակ ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ Երևանն այս պահին կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալու քայլեր ձեռնարկելու պաշտոնական որոշում չունի. - «Հիմա, ես կարծում եմ, նման որոշում կայացնելը որևէ բան չի փոխի մեր կյանքում»:

Իսկ ի՞նչ այլընտրանք կա, հարցնում է ընդդիմությունը

Ընդդիմության տեսակետն այլ է: «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանի պնդմամբ՝ իշխանությունը վարում է արտաբլոկային քաղաքականություն:

«Այս անորոշ և ալեկոծ աշխարհում երկրները պաշտպանական բլոկներ են ստեղծում, քանի որ հասկանում են, որ միայնակ ի վիճակի չեն դիմագրավել մարտահրավերներին։ Հայաստանը, զարմանալիորեն, վարում է արտաբլոկային քաղաքականություն, այսինքն՝ հույսը ինչի՞ վրա է դնում, որովհետև կա առնվազն երկու պետություն, որոնք Հայաստանի համար ռիսկ են», - ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով՝ պետք է հասկանալ, թե ի՞նչ այլընտրանք կա։

«Ազատության» հարցին՝ կենսունա՞կ կառուց է ՀԱՊԿ-ը Երևանի համար, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Կյանքը նաև ցույց է տվել, որ 92-93 թվականներին, երբ Թուրքիան սպառնում էր անցնել Արաքսը, գնաց հստակ ազդանշան, որ եթե կետն անցնեք, այստեղ ոչ միայն հայկական զորք կտեսնեք։ Այնպես որ չկա այդպիսի միանշանակ ասել... իհարկե, մենք շատ լուրջ դժգոհություն ունենք ռուս խաղաղապահների գործունեությունից Արցախի Հանրապետությունում և նաև 22 թվականի [Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ] արձագանքից»:

«Ազատության» հարցն՝ Երևանը պետք է դուրս գա՞ ՀԱՊԿ-ից, թե՞ շարունակի մնալ կազմակերպության անդամ, Արթուր Խաչատրյանը հստակ պատասխան չտվեց. «Երբ երկրները բլոկներ են ստեղծում, դու մնում ես մենակ, որ ի՞նչ անես: Հայաստանը պետք է կարողանա դաշնակիցներ գտնել, եթե հին դաշնակցին կորցնում ես, չի նշանակում, որ նոր դաշնակիցները միանգամից գալիս ու քո կողքն են կանգնում: Այսօր չկա մի երկիր, որը պատրաս կլինի Հայաստանի անվտանգության համար ջանք թափի»:

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները և երկրորդ տարին է՝ չի վճարում անդամավճարը, ինչն էլ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ձայնի իրավունքից զրկելու հիմք է:

Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից: Այդուհանդերձ, ՀԱՊԿ-ում ցանկանում են, որ ռազմական դաշինքից դուրս գալու որոշումը Երևանը կայացնի: Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել էր, թե Հայաստանը փորձում է սեփական որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա՝ ընդգծելով, որ երկիրը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։


​
XS
SM
MD
LG