«Տրադիցիայի համաձայն, վերջում էլ պետք է ասեմ՝ ժողովուրդ ջան, ավել-պակասի համար կներեք»,- իսկ ուր է շտապում Վլադիմիր Վարդանյանը, որ իր գլխավորած հանձնաժողովի անդամներին հրաժեշտ է տալիս: Դեռ պարզ չէ, բայց պատգամավորը վստահ հեռանում է:
Հանրապետության նախագահն ութ տարվա ՔՊ-ական Վարդանյանին չի նշանակել, ընդամենն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում: Որպեսզի Վարդանյանը հասնի այդ պաշտոնին, պետք է Ազգային ժողովում ընտրություն լինի ու փակ և գաղտնի քվերակության արդյունքում նա դատավոր ընտրվի: Ընտրության օրն անգամ դեռ հայտնի չէ, բայց Վլադիմիր Վարդանյանն այսօր ավարտեց հրաժեշտի արարողությունը:
«Օգտվելով առիթից, նաև ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ հանձնաժողովի անդամներին, բոլոր իմ գործընկերներին, որ այս ընթացքում շատ ակտիվ համագործակցություն են իրականացնել հանձնաժողովի հետ»,- պատգամավորի հիմնավոր հրաժեշտից նույնիսկ հանկարծակիի եկավ նրա թիմակիցը. «Չարժեր շտապել հրաժեշտ տար, բայց, լավ»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկում կար ու որ շահերի բախում չլիներ, հանձնաժողովի նախագահ Վարդանյանն աթոռը զիջեց փոխնախագահ Ջուլհակյանին ու ինքն էլ իր կարգավիճակը որակեց՝ անցումային: Պատգամավորն էլ բաժանման խոսքերի արանքում նշեց, որ Ազգային ժողովի որոշումից է կախված իր ընտրվելը, բայց կանգ չառավ:
«Եթե ինչ-որ եղանակով, ինչ-որ ժամանակահատվածով, ինչ-որ փուլում, ինչ-որ վարքագծի որևիցե տեսակ չի համապատասխանել ձեր ակնկալիքներին, հավատացնում եմ, դա չի եղել, որևիցե եղանակով դիտավորության կամ չարամտության արդյունք»,- իր խոսքում նշեց Վարդանյանը:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշում է.- «Վլադիմիր Վարդանյանը շատ մանկական միամտությամբ, փաստորեն, ամբողջ ծրագիրը իշխող ուժի պարզել է, բացահայտել է, չի դիմացել, գործընկերներին հաջող է արել, որովհետև ֆորմալ բան են կրում այդ փակ և գաղտնի քվեարկությունները։ Իրենց դեպքում ընտրություններ չեն, իսկապես, նշանակումներ են, եթե նկատել եք, վերջին շրջանում է ձևականություններից արդեն զերծ են»:
Բարձր դատարանի դատավորի իշխանության թեկնածուն նույնիսկ ձևական կողմն էլ չի պահում, որ քվեարկության արդյունքները կանխորոշված չեն,- ասում է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, նրան չի զարմացրել ՔՊ-ի թեկնածուի վաղաժամ հրաժեշտը:
«Զվարճացնում է հերթական անգամ՝ հիշեցնելով հայտնի խոսքը, որ «դատավորը ծախված է, վաճառված է, խաղն էլ ծախված է» այն առումով, որ ընտրության արդյունքները պարզ են ընտրությունից առաջ: Բոլորը գիտեն, որ առաջադրել են թեկնածու, գալու է, կապ չունի՝ ինչ է խոսելու, ինչ հարց են տալու, ինչ հանրային արձագանք է ունենալու, sms-ը գալու է, իրեն ընտրելու են, որովհետև այդպես են որոշել, որովհետև Սահմանադրական դատարանն էլ ավելի պիտի ենթարկվի իրենց»,- ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը:
Բաժանման խոսքերից հետո լրագրողները փորձեցին լսել Վլադիմիր Վարդանյանին, որ 6 օր է ՔՊ-ական չէ: Շատ հարցեր ունեին, բայց թեկնածուն հրաժարվեց անցումային փուլում մեկնաբանություններից: Իսկ «Ազատությունը» փորձում էր այս հարցի պատասխանը լսել՝ ինչպես ստացվեց, որ «Հանրապետականին» քննադատող ՔՊ-ն էլ գնաց նույն ճանապարհով. ութ տարվա կուսակցականին խորհրդարանից որոշեց Սահմանադրական դատարան գործուղել: Իշխանության գալուց հետո ՔՊ-ն նաև կուսակցական կապերի պատճառաբանությամբ էր փորձում նախկին դատավոր Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից: