Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի ցուցակում երկրորդ թեկնածուն առաջարկում է ընդդիմադիր ուժերին միասնաբար վերահսկել ընտրություններն ու համախմբված դիմադրել իշխանությունների գործողություններին:
«Խոսքը վերաբերում է այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու և առաջիկա ընտրությունների վերահսկողությունն իրականացնելու համար և այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցել»,- հայտարարում է դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանն առաջարկում է իր նշած հարցերի օրակարգով միասնական հանրահավաք հրավիրել: Ընդդիմադիր դաշտից ո՞ր ուժերն են արձագանքել Ռոբերտ Քոչարյանի թիմակցի այս առաջարկին՝ Սաղաթելյանը մինչև օրվա ավարտը զարգացումների մասին ոչինչ չհրապարակեց: Մեր հարցին էլ չարձագանքեց: «Ազատությունը» փորձեց ընդդիմադիր մյուս ուժերի արձագանքը ճշտել:
Գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ում հարցը չեն քննարկել, ասաց դաշինքի առանցքային դեմքերից Դավիթ Ղազինյանը: Նա կասկած չունի՝ իրենց թիմը կարող է ընտրատեղամասերում ուժեղ վերահսկողություն իրականացնել:
«Ուժեղ Հայաստանին սազում է ուժեղ թիմ։ Ամեն տեղամասում կունենանք մեր վստահված անձինք, որոնք թույլ չեն տա որևէ օրինախախտում, որևէ ուղղորդում, ինչին որ իշխանությունները սովոր են։ Մենք վստահ ենք և համոզված ենք, որ ընտրատեղամասերից արձանագրությունները դուրս են գալու ճիշտ, էդտեղ արդեն իշխանությունը թող որոշի՝ իր իշխանության ավարտը ո՞նց է կառուցելու. ընտրախախտումներո՞վ է կառուցելու, թե՞ Եվրոպայի երկրներից մեկի վարչապետի պես խելոք համաձայնվելու է և գնա»,- ասում է Դավիթ Ղազինյանը։
ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում չորրոդ տեղում է: Ասաց՝ մինչ այս պահը նաև միասնական հանրահավաք անցկացնելու հարցը չեն քննարկել։
Գագիկ Ծառուկյանի առաջնորդած դաշինքում մտադի՞ր են համախմբվել, միասնաբար վերահսկել ընտրությունները կամ հանրահավաք անել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը այդպես էլ մինչև օրվա վերջ չպատասխանեց մեր հարցին: ը
Ընդդիմադիր ուժերից «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ չեն քննարկել հարցը: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի շարժումն էլ է դեռ լուռ, մեր հարցին խոստացան ավելի ուշ պատասխանել:
Մինչ ընդդիմադիրները մտմտում են, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանն է արձագանքել. Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը նա իր ձևով է մեկնաբանել.
«Սաղաթելյան Իշխանն ասում է՝ եկեք միասնական հանրահավաք անենք այս իշխանությունների դեմ, որոնք իրենց բռնում են ընտրակաշառք բաժանելու համար։ Այսինքն՝ տողատակում կարդում ենք՝ եկեք ճնշենք, որ այլևս չբռնեն և ընտրակեղծարարները հասնեն իրենց մուրազին։ Բայց լավ միտք է՝ հավաքվենք, տեսնենք՝ ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում»,- հայտարարում է Արայիկ Հարությունյանը։
«Ուժեղ Հայաստանից» Դավիթ Ղազինյանն արձագանքում է. - «Եթե կառավարության բարձրաստիճան պաշտոնյան իրեն վերապահում է դատախազի, քննիչի և վերջին հաշվով դատարանի ֆունկցիան, կներեք, ի՞նչ ասեմ, ես եթերային բառեր չեմ գտնում էստեղ ասելու»։
Վարչապետ Փաշինյանը գործարարներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքները որակել է պատերազմի եռագլուխ կուսակցություն: Փաշինյանը այսօր էլ է խորհրդարանում քննադատել նրանց.
«Որ խաղաղությունը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի, մանավանդ այսօր, երբ այդ մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության ու նրանց սատարող ուժերի հիմնական թիրախը»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի ու նրա աջակիցների քննադատության թիրախում հայտնված երեք ուժերը մինչ այս պահը հրապարակային որևէ հարցի շուրջ չեն համախմբվել: