Իրանը սպառնացել է հակահարված տալ ԱՄՆ-ի կողմից իր ակտիվների վրա ցանկացած նոր հարձակման՝ զգուշացնելով, որ տարածաշրջանում էներգիայի արտադրության շղթան «հասանելի է» իրանական զինուժի հարվածների համար և հետևաբար՝ «խոցելի», ինչպես և տարածաշրջանում ամերիկյան նավթագազային ընկերությունները:
«Հարվածեք մեր ակտիվներին, և պատասխան հարձակման կենթարկվեք», - այսօր հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը այն բանից հետո, երբ շաբաթավերջին ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ փոխանակեցին Հորմուզի նեղուցում, ինչի հետևանքով նավթի գինը հասավ վեց շաբաթվա ամենաբարձր մակարդակին։
Reuters-ը նշում է, որ Ղալիբաֆի նոր սպառնալիքը, թերևս, պատասխանն է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի նախազգուշացմանը, որ Իրանի նավթատար նավատորմն «անպաշտպան» է։
«Ամեն ինչ պարզ է. նավթի և գազի արտադրության շղթան այստեղ ընդարձակ է, հասանելի և խոցելի: Այս ջրերում և օբյեկտներում ամերիկյան նավթի և գազի ընկերությունները նույնպես կիսում են այդ խոցելիությունը», - X-ում գրել է Ղալիբաֆը, որը նաև Իրանի գլխավոր բանակցողն է։
Պարսից ծոցում նոր «արգելված» գոտի
Երեկ Իրանի անվտանգության գերագույն խորհրդի նոր ղեկավար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանն առաջիկա օրերին կհայտարարի Պարսից ծոցում նոր «արգելված» գոտի ստեղծելու ծրագրերի մասին, և որ շուտով կհաստատի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր միջանցքի քարտեզները։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմից ի վեր Իրանը փակել է նեղուցով երթևեկությունը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային նավթի և գազի մատակարարման համար. պատերազմից առաջ այստեղ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը:
Ռեզային ասել է, որ նոր սահմանափակ գոտին կսկսվի այնտեղից, որտեղից սկսվում է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը և կտարածվի մինչև Պարսից ծոցի շրջաններ։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել է, որ նոր գոտի մտնող ցանկացած նավ կավելացվի Իրանի պատժամիջոցների ցանկում։
«Մենք կպարտավորվենք Հորմուզի նեղուցը բացել միայն այն ժամանակ, երբ նրանք [ամերիկացիները խմբ.] դադարեցնեն դիվերսիաները, սպառնալիքները և հարձակումները Իրանի վրա», - ասել է Ռեզային։