Մատչելիության հղումներ

Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումից զոհ կա, հայտնում են Թեհրանից

Կասպից ծովը, արխիվ
Կասպից ծովը, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, փոխանցում է Reuters-ը։

Թեհրանը նավի վրա հարձակումն ագրեսիա է որակել և հայտարարել, որ պաշտպանելու է իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միևնույն ժամանակ Կիևին մեղադրելով ուկրաինական պատերազմն ընդլայնելու փորձերի մեջ։

Ինչպես հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը, Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ իրանական կողմն իր բողոքն է հայտնել, ինչպես Թեհրանն է բնութագրում, «թշնամական և հանցավոր» հարձակման առթիվ։

Իրանական կողմի դատապարտումը համընկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարությունների հետ, թե, Կիևի տեղեկություններով, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իր արբանյակային դիտարկումների տվյալները փոխանցում է Իրանին՝ այդպես նպաստելով տարածաշրջանի պետություններին հասցվող ավիահարվածներին։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավի և Իրանի հետ փոխկապակցվող ռազմական բեռներ փոխադրող նավերի են հարվածել։

Կիևը հուլիսի սկզբից արձանագրել է «Ծոցի երկրներում և այնտեղ տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներում Ռուսաստանի ակտիվ արբանյակային հետախուզական գործունեությունը։ Արբանյակային լուսանկարները հետագայում հայտնվում են Իրանում, - X-ում գրել է Ուկրաինայի ղեկավարը՝ շարունակելով, - Միևնույն ժամանակ, ակնհայտ փոխկապակցվածություն կա այս օբյեկտների վերաբերյալ Ռուսաստանի արբանյակային լուսանկարների և իրանական հարվածների միջև՝ ինչպես հարձակումներից առաջ՝ դրանց նախապատրաստվելիս, այնպես էլ հետո՝ հասցված վնասը գնահատելու համար»։

Զելենսկիի խոսքով՝ ռուսական արբանյակային դիտարկումը միայն հուլիսի 19-ին և 20-ին չորս ավիաբազա է ներառել՝ երկուսը Բահրեյնում, մեկը Հորդանանում, մեկը Քուվեյթում։


XS
SM
MD
LG