Մատչելիության հղումներ

Իրանը չի խնդրել Թրամփին դադարեցնել հարձակումները․ Mehr

Իրանական դրոնային և հրթիռային համակարգերի ցուցադրություն Թեհրանում, 30-ը հուլիսի, 2026թ․
Իրանական դրոնային և հրթիռային համակարգերի ցուցադրություն Թեհրանում, 30-ը հուլիսի, 2026թ․

Իրանի ռազմական աղբյուրները հերքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե Թեհրանը խնդրել է Վաշինգտոնին ձեռնպահ մնալ երկրի դեմ նոր հարձակումներից, այսօր հայտնել է Mehr լրատվական գործակալությունը:

Իրանական լրատվամիջոցը մեջբերում է անանուն աղբյուրներին, որոնք պնդել են, թե Թրամփի հայտարարությունը «պարզապես նոր սուտ» է և «Պարսից ծոցի տերերին շանտաժի ենթարկելու և սպառնալիքներով ճնշելու» փորձ։

Ըստ աղբյուրների՝ Իրանի զինված ուժերը գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա և պատրաստ են ցանկացած զարգացման: Թեհրանից նաև շեշտել են՝ եթե առճակատումն անխուսափելի լինի, «ռազմի դաշտը վճռորոշ նշանակություն կունենա»՝ անկախ նրանից՝ ԱՄՆ-ն կշարունակի՞ հարձակումները, թե՞ կնահանջի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել էր, որ «Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների խնդրանքով» ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից, քանի դեռ հնարավոր է արագ գործարք ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։

Վերահաստատելով ռազմական սպառնալիքը՝ նա միաժամանակ նշել էր․ «Հաշվի առնելով այս խնդրանքը՝ հանուն աշխարհի ապագա բարօրության, ինչպես նաև հաջողակ և բարգավաճ Իրանի գոյատևման, համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ պայմանով, որ հնարավոր կլինի արագորեն գործարք կնքել»։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ռազմական գործողությունները դադարեցնելու իր որոշմանը միացել է նաև Իսրայելը։

Թեհրանն, իր հերթին, նախօրեին զգուշացրել էր Վաշինգտոնին չգնալ «արկածախնդրական գործողության»՝ հայտարարելով, որ վճռական հակահարված կտա, եթե ամերիկյան ուժերը դարձյալ թիրախավորեն Իրանը։


XS
SM
MD
LG