Մատչելիության հղումներ

Իրանում այսօր երկու տղամարդ կախաղան է հանվել

Այրվող մեքենաներ Իրանում համատարած բողոքի ակցիաների ժամանակ, Սպահան, 9-ը հունվարի, 2026թ․
Այրվող մեքենաներ Իրանում համատարած բողոքի ակցիաների ժամանակ, Սպահան, 9-ը հունվարի, 2026թ․

Իրանում երկու տղամարդ այսօր կախաղան է հանվել՝ տարեվերջին տնտեսական ծանր պայմանների պատճառով երկրում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաներին վերաբերող մեղադրանքներով, հայտնել են երկրի դատական համակարգից։

Հաղորդվում է, որ Էֆրան Էսֆանդիարին և Գոլ-Մոհամմադ Մոհամմադին մեղավոր են ճանաչվել կենտրոնական Սպահանում «ճանապարհային երթևեկության ցուցանակից ոստիկաններին պարաններով կապելու, քարերով նրանց հարվածելու, նրանց վրա բենզին ցողելու և այրելու մեջ»։

Ըստ մեղադրանքի, երկու տղամարդիկ տեսանկարահանել են սպանության դրվագները և տեսանյութը փոխանցել արտասահմանյան հեռուստաընկերությունների։

Հայտարարությունում չեն նշվել նրանց ձերբակալման կամ դատավարության ամսաթվերը, ինչպես նաև տղամարդկանց տարիքը։

Դեկտեմբերի վերջին սկսված բողոքի շարժումը, որն ի սկզբանե բռնկվել էր ապրուստի թանկության պատճառով, արագորեն վերածվեց լայնածավալ հակակառավարական ցույցերի, որոնք իրենց գագաթնակետին հասան հունվարի 8-ին և 9-ին։

Իրանի իշխանությունները ավելի քան 3,000 զոհի մասին են հայտնել՝ բռնությունները վերագրելով Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից հրահրված «ահաբեկչական գործողություններին», մինչդեռ, ըստ արտերկրում գործող իրավապաշտպան կազմակերպությունների, իրանական անվտանգության ուժերն են կրակ բացել ցուցարարների վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական միջամտությամբ էր սպառնացել Իրանին, նախքան փետրվարի 28-ին սկսված ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումը երկրի դեմ՝ սկիզբ դնելով Մերձավոր Արևելքի պատերազմին։

Այդ ժամանակվանից ի վեր երկրում բազմապատկվել են ձերբակալություններն ու մահապատիժները, որոնք կապված են ինչպես հակամարտության, այնպես էլ տարվա սկզբին տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ։

Ըստ «Իրանի մարդու իրավունքներ» և «Միասին ընդդեմ մահապատժի» իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների՝ 2025 թվականին իշխանությունները մահապատժի են ենթարկել առնվազն 1,639 մարդու, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1989 թվականից ի վեր։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրանը աշխարհում մահապատիժների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով միայն Չինաստանին։


XS
SM
MD
LG