Մատչելիության հղումներ

Իրանի պատերազմի պատճառով Եվրոպայի հետ ԱՄՆ լարված հարաբերությունների ֆոնին Ռուբիոն մեկնում է Հռոմ և Վատիկան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 6-ից 8-ը կայցելի Հռոմ և Վատիկան։ Այցն, ըստ պաշտոնյաների, նպատակ ունի եվրոպական կարևորագույն դաշնակիցների հետ բարելավել Վաշինգտոնի հարաբերությունները, որոնք լարվել էին Իրանի պատերազմից առաջացած տարաձայնությունների պատճառով։

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ այցը ուղղված կլինի «երկկողմ հարաբերությունների առաջմղմանը»։

Նախատեսվում է Ռուբիոյի հանդիպումը Սուրբ Աթոռի ղեկավարության հետ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Արևմտյան կիսագնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելու նպատակով։

«Իտալացի գործընկերների հետ հանդիպումները կկենտրոնանան փոխադարձ անվտանգային շահերի և ռազմավարական դիրքավորման վրա», - նախօրեին հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգըթը։

Անանուն մնալու սկզբունքով «Ազատության» հետ զրուցած Պետքարտուղարության նախկին պաշտոնյայի դիտարկմամբ՝ Իտալիա և Վատիկան մեկնելու ժամանակի ընտրությունը ցույց է տալիս այցի կարևորությունը։

«Պետքարտուղար Ռուբիոյի այցը դիվանագիտական իմաստով կարևոր քայլ է», - ասաց նախկին պաշտոնյան՝ հավելելով, որ այս պահին այցի իրականացումը փաստում է, թե որքան է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «արժևորում Իտալիայի և Սուրբ Աթոռի հետ հարաբերությունները»։

Այցը տեղի է ունենում Վաշինգտոնի և եվրոպական դաշնակիցների միջև Իրանի հակամարտության պատճառով աճող լարվածության, ինչպես նաև քաղաքական ավելի լայն, այդ թվում՝ առևտրային և ռազմական հանձնառությունների հետ կապված անհամաձայնությունների ֆոնին։

Իրանի պատերազմը՝ լակմուսի թուղթ դաշինքների և անձնական հարաբերությունների համար

Վերլուծաբանների գնահատմամբ՝ պետքարտուղարի այցը որոշակիորեն միտված է վնասների նվազեցմանն ու դիվանագիտությանը։

«Իրանի պատերազմը զգալի լարվածություն է ստեղծում եվրոպական դաշնակիցների հետ նախագահ Թրամփի հարաբերություններում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ փորձագետ Չարլզ Կուպչանը, - «Մեծ հրդեհը մեկուսացնելու և վնասի աստիճանը սահմանափակելու համար Ռուբիոն «հրշեջ մեքենաներ» է գործի դնում»։

Թրամփը վերջերս հեռակա հակամարտության մեջ մտավ Իտալիայի երբեմնի մտերիմ դաշնակցի՝ վարչապետ Ջորջիա Մելոնիի, ինչպես նաև առաջին ամերիկացի Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ, որը վերջին շրջանում դարձել էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ակտիվ քննադատներից։

«Իրավիճակն է՛լ ավելի սրվեց, երբ Թրամփը բանավեճի մեջ մտավ Պապի հետ՝ արդյունքում կորցնելով առանցքային աջակիցների մի մասին երկրի ներսում», - հավելեց Կուպչանը։

Լայն ուշադրության արժանացավ Թրամփի կողմից Պոնտիֆիկոսին ուղղված հրապարակային քննադատությունը, երբ Սպիտակ տան ղեկավարը «սարսափելի» որակեց Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին։

Լևոն Պապն, իր հերթին, շարունակաբար դատապարտել է պատերազմը և ԱՄՆ-ի որդեգրած ավելի լայն քաղաքականությունը, ներառյալ՝ ներգաղթի մասով։

Այդուհանդերձ, Իտալիան փորձել է զգուշորեն նավարկել մերձավորարևելյան հակամարտության ժամանակներում։

Իրանցի պաշտոնակցի հետ մայիսի 2-ի հեռախոսազրույցից հետո Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին հայտարարել էր, որ Հռոմը ջանում է խուսափել հետագա էսկալացիայից և բացել բանակցությունների դուռը։ Իտալացի գլխավոր դիվանագետը միաժամանակ հստակեցրել է, որ միջուկային զենքի ցանկացած ծրագիր «կարմիր գիծ» է։

Իտալիան նաև հակամարտությունից բխող այլ հետևանքների մասին է բարձրաձայնել, դրանց թվում՝ կարևորագույն ջրային ուղու՝ Հորմուզի նեղուցում բեռնափոխադրումների խափանումների պատճառով Աֆրիկայում պարենային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող վտանգները։

Այս ամենի հետ մեկտեղ, ճնշման տակ են հայտնվել Հռոմի հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Իտալիան մարտին չէր արտոնել Իրանի դեմ գործադրվելիք զինամթերք տեղափոխող ամերիկյան օդանավերին օգտվել սիցիլիական ավիաբազայից, ինչը դժգոհություն էր հարուցել Թրամփի վարչակազմում։

Զորքերի դուրսբերումը՝ հավելյալ ճնշում

Ռուբիոյի այցը տեղի է ունենում Եվրոպայի խոշորագույն ամերիկյան զորքը հյուրընկալող Գերմանիայից 5 հազար զինծառայողի դուրսբերումն ազդարարող Պենտագոնի հայտարարությունից հետո։ Թրամփը նույնանման քայլերով սպառնացել է Իտալիային և Իսպանիային ևս։

Իտալիայի ամերիկյան մի քանի ռազմաբազաներում այժմ մոտ 13 հազար զինծառայող է տեղակայված, ուստի երկիրը կարևորագույն ռազմավարական գործընկեր է ԱՄՆ-ի համար։

Զորքերի կրճատումը, Վաշինգտոնի սահմանած տուրքերի առաջացրած լարվածության և Իրանի հարցով հրապարակային անհամաձայնությունների հետ միասին, մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ-Եվրոպա անվտանգային համագործակցության համատեքստում։

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետոն հերքել է ակնարկները, թե Հռոմը չի աջակցել Վաշինգտոնին մասնավորապես ծովային անվտանգության ոլորտում աջակցելու հարցում։ Նախարարը նշել է, որ չի ընկալում զորքը կրճատելու ամերիկյան սպառնալիքների տրամաբանությունը։

Չնայած լարվածությանը, ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ Ռուբիոյի այցը կենտրոնանալու է համաձայնությունների տիրույթը գտնելու վրա։

«Իրանի հակամարտությունը առկա անհամաձայնությունները առաջին պլան է բերել», - ասաց «Ազատության» հետ զրուցած Պետքարտուղարության նախկին աշխատակիցը՝ շարունակելով. - «Պետքարտուղար Ռուբիոն, անկասկած, կփորձի ուշադրություն հրավիրել այն հարցերի շուրջ, որտեղ մենք ընդհանրություններ ունենք… Նա նաև կվերահաստատի մեր մտերմությունը Հռոմի և Վատիկանի հետ»։

Արդյո՞ք այս ջանքերը հաջողությամբ կպսակվեն. հարցի պատասխանը կազդի ոչ միայն Հռոմի և Սուրբ Աթոռի հետ ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման, այլև վերջին տարիների ամենափոփոխական ընթացքն ունեցող հակամարտությանն արևմտյան ավելի լայն արձագանքի վրա։


XS
SM
MD
LG