Իրանի մասնակցությունը այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կասկածի տակ է հայտնվել, երբ մրցաշարը համահյուրընկալող Միացյալ Նահանգները շաբաթ օրը սկսել է Իսրայելի հետ համատեղ օդային հարվածներ հասցնել Իրանի տարածքում։
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Տաջը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի հարձակումները լավ ազդակ չեն աշխարհի առաջնության համար։ Նա թեև խուսափել է խոսել բոյկոտի մասին, բայց ակնարկել է, որ իրանցի բարձրաստիճան մարզական պաշտոնյաները կվերլուծեն իրավիճակը և նոր որոշում կկայացնեն՝ ինչ գործողություն ձեռնարկել։ Առայժմ ոչ մի իրանցի պաշտոնյա պաշտոնապես չի հայտարարել, որ երկիրը դուրս է գալիս առաջնությունից։
Ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը համահյուրընկալելու են ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Իրանն ապահովել է իր տեղը չորրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունում։ Դեկտեմբերին անցկացված վիճակահանության ժամանակ Իրանն ընդգրկվել է Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի հետ G խմբում։ Այս խմբում Իրանի մասնակցությամբ բոլոր երեք խաղերը նախատեսված են ԱՄՆ-ում՝ երկուսը՝ Լոս Անջելեսում, և մեկը՝ Սիեթլում։
Ի՞նչ կլինի, եթե Իրանը հրաժարվի մասնակցել: Արդի ժամանակաշրջանում որակավորման փուլը հաղթահարած թիմերից ոչ մեկը չի բացակայել աշխարհի առաջնությունից: Եվրոպայի 1992 թվականի առաջնության դեպքում, երբ Հարավսլավիան քաղաքացիական պատերազմի մեջ էր, ինչն էլ հանգեցրեց երկրի փլուզմանը, ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանեց Հարավսլավիայի նկատմամբ, ու ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն դադարեցրեցին երկրի մասնակցությունը մրցաշարին։ Հարավսլավիան փոխարինվեցին Դանիայով, որը որակավորման խմբում երկրորդ տեղն էր զբաղեցրել: Ուշագրավ է, որ 1992-ի ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնը հենց Դանիան դարձավ։
Ի՞նչ հավանական սցենար կարող է գործել Իրանի դեպքում, եթե այդ երկիրը բոյկոտի ու դուրս գա մրցաշարից։ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան, որը չի մեկնաբանել Իրանի հնարավոր բոյկոտի հարցը, այդուհանդերձ, ակնարկել է, որ փոխարինող թիմը տարածաշրջանից պետք է լինի։
Արաբական Միացյալ Էմիրությունները երրորդ տեղն էին գրավել A խմբում՝ հաջորդելով Իրանին և Ուզբեկստանին, սակայն հաջորդ փուլում պարտվեցին Իրաքին։ Ամենահավանական թեկնածուն հիմա Իրաքն է, եթե իրաքցի ֆուտբոլիստներին հաջողվի այս ամսվա վերջին հաղթել Բոլիվիային կամ Սուրինամին։ Պարտության դեպքում հաջորդ հավանական թեկնածուն ԱՄԷ-ն է։
Իրանական ֆուտբոլն առաջին անգամ չէ բախվում քաղաքական խնդիրներին։ 2006 թվականի նոյեմբերին ՖԻՖԱ-ն Իրանին որակազրկեց բոլոր միջազգային ֆուտբոլային խաղերից՝ ֆուտբոլային հարցերին կառավարության միջամտության պատճառով։ Արգելքը վերացվեց հաջորդ ամիս՝ ՖԻՖԱ-ի այն ժամանակվա նախագահ Զեպ Բլատերի հետ բանակցություններից հետո։
Իրանի կառավարությանն ընդդիմացող ուժերը հաճախ են կոչ անում ՖԻՖԱ-ին հեռացնել Իրանին աշխարհի գավաթի խաղարկությունից՝ մատնանշելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցությունը սպորտի վրա։ Թեժ քննարկումների առիթ էր նաև Իրանի ֆուտբոլային մարզադաշտերում կանանց ներկայության արգելքը։ Նախագահ Ջանի Ինֆանտինոյի օրոք ՖԻՖԱ-ն Իրանի կառավարության հետ անձնական համագործակցության քաղաքականություն է վարել, և կազմակերպությունը հաստատել է, որ որոշ հաջողությունների հասել է։
Այդուհանդերձ, իրանցի ֆուտբոլի երկրպագուների զգալի մասը չի կարող վայելել աշխարհի առաջնությունը։ Իրանում բնակվող երկրպագուները չեն կարողանա մուտք գործել ԱՄՆ՝ համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անցյալ տարի ստորագրված հրամանագրի։ Թրամփը բացատրել էր, թե նպատակն է պաշտպանել ԱՄՆ-ն «օտարերկրյա ահաբեկիչներից»։
Իրանի ու ԱՄՆ-ի ֆուտբոլիստներն էլ վերջին անգամ շատ վաղուց են հանդիպել։ 1998-ին Ֆրանսիայում Իրանը հաղթել է 2:1, իսկ չորս տարի անց Կատարում ԱՄՆ-ը հաղթել է 1:0 հաշվով։ Մասնագետները հաշվել են՝ 2026-ի առաջնության ժամանակ այս երկու թիմերի հանդիպման հավանականությունը կա, եթե երկուսն էլ զբաղեցնեն երկրորդ տեղը իրենց խմբերում։
Մերձավոր Արևելքում հակամարտության հենց մեկնարկի օրը աշխարհի առաջնության համար Սպիտակ տան աշխատանքային խմբի գործադիր տնօրեն Էնդրյու Ջուլիանին է սոցիալական ցանցում գրառում արել՝ աղոթքի տեսքով. -
«Ես աղոթում եմ, որ իրանցի ժողովուրդը կարողանա ազատություն ձեռք բերել։ Ֆուտբոլի խաղերը կլուծենք վաղը, իսկ այսօր նշում ենք նրանց հնարավորությունը ազատության համար»։
Սպորտային աշխարհում, սակայն, տագնապով են արձագանքում Իրանի հնարավոր հեռացման հեռանկարին։ Օլիմպիական ներկայացուցիչ Կավեհ Նիրումանդը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին Իրանի հնարավոր հեռացումը ամռանը կայանալիք աշխարհի առաջնությունից «լիակատար անհեթեթություն» է։ Նրա խոսքով՝ նման միջոցները «միջազգային սպորտի պատմության ընթացքում երբեք որևէ արդյունքի չեն բերել և հիմա էլ չեն բերի»։
«Այս դեպքում Իրանը պարզապես ավելի կմեկուսացվի և կմղվի մի ուղղությամբ, որը բոլորովին ցանկալի չէ։ Այդ իմաստով սա լիակատար անհեթեթություն է», - ասել է Նիրումանդը DPA գործակալությանը։
Նրա համոզմամբ՝ խոշոր մարզական միջոցառումները պետք է օգտագործվեն մարդկանց միավորելու, այլ ոչ թե նրանց ավելի բաժանելու համար։