Գյումրիում ձգձգվում է Եվրամիության համաֆինանսավորմամբ նախկին կենտրոնական շուկայի վերականգնման ծրագիրը։ Կիսավեր շենքը նախկին սեփականատիրոջից գնած «Թումո» ստեղծարար կենտրոնը այստեղ խոհարարական միջազգային դպրոց է ցանկանում բացել, իսկ շուկայում առևտրով զբաղվողներին տաղավարներ տրամադրել։
8000 քառակուսի տարածքի վերականգնման համար 9 միլիոն եվրո է հարկավոր, 2.5 միլիոնը Եվրամիությունն է տրամադրում։ Նախատեսվում էր, որ միջազգային դպրոցն իր դռներնայս տարի կբացի, սակայն այսօր տեղում ոչինչ կառուցված չէ։ Ավելին, շինարարություն էլ չի ընթանում։ Ինչու՞։ Շիրակի մարզում «Թումո» կենտրոնի ղեկավար Լենա Կարապետյանն ասաց՝ տարատեսակ ուսումնասիրություններն են ձգձգման պատճառը։ Նախ տարածքն են հետազոտել, հետո ճարտարապետական միջազգային մրցույթն է կայացել։ Հիմա արդեն նախագծման միջազգային մրցույթի փուլ են հասել։
«Ես սկսել եմ ճարտարապետական ֆազայով։ Ճարտարապետական փուլն է սկսվել, որի արդյունքում մենք ունեցանք ավելի150 հայտեր ամբողջ աշխարհից։ Ընտրվեց «Մուրադյան ստուդիոն» որպես հաղթող թիմ։ Ճարտարապետական մրցույթից, ճարտարապետական փուլից հետո մեր մոտ մեկնարկեց արդեն նախագծային փուլը։ Նախագծային փուլը իր մեջ ներառում էր լանդշաֆտային նախագիծը, ջրահեռացման և ոռոգման համակարգերի ուսումնասիրությունները, նաև անձրևաջրերի կառավարման հետ կապված մրցույթները, իհարկե, արվեց մրցույթը և տենդերը շնորհվեց Բելգիականին ընկերության», - ասաց Կարապետյանը։
Զուգահեռ 1,5 տարի ուսումնասիրել են հողը, շինությունների սեյսմիկ վիճակը ու էլի մի շարք ուսումնասիրություններ, որոնց պատասխաններից էր կախված, թե ինչպիսի նախագիծ է կազմվելու։ Ամեն դեպքում շինարարության մեկնարկի հստակ ժամկետ կա՞, թե՞ ոչ։
«Շինարարության կոնկրետ ժամկետ այս պահի դրությամբ չեմ կարողանալու նշել, որովհետև դեռ ուսումնասիրությունների փուլում ենք և դեռ այն կազմակերպությունները, որոնք արդեն հաղթել են տվյալ տենդերները և արդեն ունենք պայմանագրեր իրենց հետ, պետք է անեն իրենց գործը ճիշտ ժամկետներում, որոնք արդեն դրված են իրենց համար։ Ավարտելուց հետո պիտի սկսենքն շինարարական աշխատանքները», - ներկայացրեց Լեն Կարապետյանը։
Հստակ ժամկետ չկա նաև շինարարության ավարտի համար։ Որոշ վերապահումներով հաջորդ տարի են նախատեսում։
Մինչ «Թումոն» ուսումնասիրություններ է անում, քաղաքային նոր իշխանությունները տարածքը վերադարձնելուց են խոսում։ Նախքան կոռուպցիոն մեղադրանքով կալանավորվելը քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մի քանի անգամ դժգոհել էր, թե շուկան վերցրել են ու ոչինչ չեն անում։ «Թումո»-ից հակադարձում են՝ տարածքը համայնքապետարանից չեն գնել. «Շուկայի տարածքը գնվել է «Թումո»-ի կողմից նախկին գնորդից»:
Իսկ քաղաքային իշխանություններն արդյոք փորձե՞լ են «Թումո»-ից ճշտել, թե ինչո՞ւ է ուշանում դպրոցի շինարարությունը. «Դուրս չեն եկել կոնտակտներով, տեղյակ ենք, իհարկե, նայում ենք լրատվամիջոցները, բայց իրականում մեր «Թումո»-ից եղել է ներկայացուցիչ, ով եկել է և քննարկել են թեման ,այո, բայց դե հասկանալի է, որ մարդիկ ուզում են տեսնեն ինչ-որ կառույցներ արդեն ինչպես բոլորս, բայց գուցե և տեղյակ չեն, որ ասենք հետազոտություններ են տեղի ունենում, և այդ պատճառով էլ հիմա մենք այդ մասին ասում ենք, խոսում ենք, որ տեղի են ունենում հետազոտություններ, որի հիմքի վրա պիտի այդ կառույցները լինեն», - նշեց Լենա Կարապետյանը։
Ի դեպ, անցած շաբաթվա վերջին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարն էր այցելել Գյումրիի հին շուկա, որտեղ կիսավեր պատերին դեռ պահպանված է խորհրդային տարիներից մնացած պանրի գնացուցակը։