Հռոմի Պապը հայտնել է, որ մտադիր է շարունակել բարձրաձայն հանդես գալ պատերազմի դեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղղակի քննադատությունից հետո։
Ալժիր ուղևորվելու ճանապարհին օդանավի մեջ լրագրողների հետ զրույցում Հռոմի Պապը հայտարարել է, որ քրիստոնեական ուղերձը «չարաշահվում է»։
«Չեմ ցանկանում նրա հետ բանավեճի մեջ մտնել։ Կարծում եմ՝ Ավետարանի ուղերձը նախատեսված չէ օգտaգործել այնպես, ինչպես դա անում են որոշ մարդիկ։ Ես կշարունակեմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը և պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները՝ խնդիրների արդար լուծումներ գտնելու համար։ Այսօր աշխարհում չափազանց շատ մարդիկ են տառապում։ Չափազանց շատ անմեղ մարդիկ են սպանվում։ Եվ կարծում եմ՝ ինչ-որ մեկը պետք է բարձրաձայն ասի, որ կա ավելի լավ ճանապարհ։ Եկեղեցու ուղերձը, իմ ուղերձը, Ավետարանի ուղերձը հետևյալն է՝ Երանելի են խաղաղարարները, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։ Իմ դերը քաղաքական գործիչ լինելը չէ», - ասել է Լևոն 14-րդը։
Վերջին շաբաթներին Հռոմի Պապը քննադատում էր ԱՄՆ-Իսրայել պատերազմը՝ Իրանի դեմ, շաբաթօրյա խաղաղության ուղերձում նա հերթական անգամ դատապարտել է՝ «պատերազմի խելահեղություն» այն անվանելով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով Պապի քննադատությանը՝ թե՛ հակամարտության, թե՛ Սպիտակ տան խիստ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ, երեկ ուշ երեկոյան հայտարարել էր, թե Լևոն 14-րդը «սարսափելի է»։
«Լևոն Պապը թույլ է հանցավորության և սարսափելի է արտաքին քաղաքականության հարցերում», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։