Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը. Հայաստանը պատրա՞ստ է ձմեռային ծանրաբեռնվածությանը

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհ, 27-ը սեպտեմբերի, 2026թ.
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհ, 27-ը սեպտեմբերի, 2026թ.

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ենթակայանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հոսանքազրկված 5000 բաժանորդներն այժմ էլեկտրականություն են ստանում այլ ենթակառուցվածքներով: Երևանի ավելի քան 10 փողոցների էլեկտրամատակարարման գծերը միացրել են այլ հզորությունների, որոնց ծանրաբեռնվածությունն, այսինքն, հրդեհից հետո էլ ավելի է մեծանում:

Ծիծեռնակաբերդի խճուղում երեկ հրդեհը հնարավոր եղավ մարել ուշ երեկոյան: ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հենց դեպքի վայրում, երբ հրշեջները դեռ աշխատում էին, շտապեց հայտարարել՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել և չեն բացառում որևէ վարկած, այդ թվում՝ «արտաքին կամ ներքին միջամտությունը»:

«Էլեկտրատեխնիկական առումով, մեր մասնագետների պնդմամբ, նման ենթակայանում այս մասշտաբի հրդեհ չպետք է տեղի ունենար։ Չենք բացառում որևէ տեսակի վարկած», - նշել է Պետրոսյանը:

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվում։
please wait

No media source currently available

0:00 0:00:22 0:00

Չհապաղեց նաև Քննչական կոմիտեն ու այսօր վարույթ նախաձեռնեցին հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: Ռոմանոս Պետրոսյանն էլ «Ֆեյսբուք»-ում մի լուսանկար հրապարակեց՝ հատուկ մատնանշելով ենթակայանի տրանսֆորմատորի արտադրման տարեթիվը՝ 1969:

Ռոմանոս Պետրոսյանը մի քաղաքական թիմի անդամ է, որը վերջին տարիներին բազմաթիվ շինթույլտվություններ է դակել, ըստ փորձագետների, առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների թարմացման ու ապահովման հարցը լուծելու. սա ոչ միայն էլեկրամատարարկմանն այլև ջրամատարակարարմանն ու ջրահեռացմանն է վերաբերում: Երեկ հրդեհված ենթակայանի միջոցով հոսանք էին մատակարարում նաև Մոնթե Մելքոնյան փողոցի նոր թաղամասերի բնակիչներին: Այս շենքերում, ըստ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի, մինչ այդ էլ ծանրաբեռնվածության խնդիր կար:

«Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում Մոնթե Մելքոնյան մայրուղու հարակից տարածքում հողատարածք ձեռք բերելու և բարձր լարման նոր, ժամանակակից ենթակայան կառուցելու ուղղությամբ», - նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

Մասնագետներն ահազանգում են՝ եթե պետությունն ակտիվ ներդրումներ չանի, «մութ ու ցուրտ» 90-ականները կարող են կրկնվել

Ծանրաբեռնվածությունը ձմռանը, երբ մարդիկ նաև հոսանքով են իրենց տները ջեռուցում, ավելի է մեծանում: Այս Ամանորի նախօրեին վթարների պատճառով զանգվածային հոսաքազրկումներ եղան Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում: Մինչ այդ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել էր համակարգի ծանրաբեռվածության մասին ու քաղաքացիներին հորդորել էր «հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան ու սարքերը հավելյալ չօգտագործել»:

Պարզ տրամաբանությունը հուշում է՝ այս և հաջորդ ձմեռներին համակարգը կարող է էլի ավելի ծանրաբեռնվել, նոր շենքերի քանակն ավելի է մեծացել, Հայաստանի ճանապարհներով էլեկտրական մեքենաներով էլ ավելի շատ են երթևեկում, շատ հոսանք պահանջող տվյալների կենտրոններ են գործարկվել: Այն, որ Հայաստանին էլ ավելի շատ էլեկտրականություն պետք կգա, շաբաթներ առաջ ընդունեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է հաշվարկենք արհեստական բանականության գործարանների զարգացման պլանավորված տեպն ու մեր էներգետիկ կարողությունների զարգացման տեմպն ու համադրենք իրար հետ: Մենք պետք է ապահովենք էլեկտրաէներգիան: Էլի ուզում ենք շատ արտահանել, բայց մենք հասկանում ենք, որ շատ պետք է լինելու նաև Հայաստանի ներսում», - ասել է Փաշինյանը:

Մասնագետներն ահազանգում են՝ եթե պետությունն ակտիվ ներդրումներ չանի ենթակառուցվածքներում, «մութ ու ցուրտ» 90-ականները կարող են կրկնվել: Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի գնահատմամբ՝ այս պահին հիմնական ռիսկը ոչ թե հզորություններն են, այլ այն անվտանգ բաժանորդներին հասցնելը:

«90-ականների պատճառներն այլ էին, իհարկե, բայց վերջին հաշվով մարդիկ հոսանք չունեին, որոշակի նման իրավիճակներ հնարավոր են, եթե ոչինչ չարվի, եթե ակտիվ ներդրումներ իրակակացվեն, չի լինի այդ խնդիրը», - ասաց Ավետիսյանը:

Էլեկտրամատակարարման համակարգում այս իրավիճակին զուգահեռ ռուսական կողմը պարբերաբար սպառնում է թանակցնել Հայաստան մատակարարվող գազը: Ի՞նչ կլինի այդ դեպքում, եթե էլ ավելի շատ ընտանիքներ գազի փոխարեն հոսանք ավելի շատ օգտագործեն. մինչ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ հարցադրումները կիկոսյան սյուժե է համարում, մասնագետներն ահազանգում են՝ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG