Հրապարակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը: Այն կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ:
Վարչապետի աշխատակազմի մաս կազմող Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի զեկույցն առաջարկում է ճգնաժամի հաղթահարման հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ.
- Բարենորոգման օրակարգի վերահստակեցում և հանրահռչակում
- ՀԱՍԵ փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)
- Կաթողիկոսական տեղապահի ընտրություն
- ՀԱՍԵ միասնական Կանոնադրության ընդունումը
- Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն
«Սույն զեկույցը չի վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը և կանոնական կարգը։ Հակառակը՝ այն փաստագրում է հենց այդ հիմքերի խախտումները՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնության և ինքնավարության», - ասված է հայտարարությունում։
Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով, ըստ գործադիր իշխանության, արտահայտվում է ճգնաժամը։
Դրանց թվում են՝
- կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,
- հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,
- ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,
- ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,
- Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,
- Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,
- պառակտումները Սփյուռքի թեմերում։
Այս զեկույցում ներկայացվում են պնդումներ, այդ թվում՝ հոգևորականների սեռական կյանքի վերաբերյալ մանրամասներ, որոնք հիմնականում հիմնված են կաթողիկոսից տարբեր պատճառներով դժգոհ տարբեր հոգևորականների հարցազրույցների վրա: Թեև Առաքելական եկեղեցին իր տնօրինած գույքի բերումով Հայաստանի խոշոր հարկատուներից է, զեկույցում նաև ծավալուն անդրադարձ կա ֆինանսական թափանցիկության խնդիրներին:
Նյու Յորքից այս թեմային անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե զեկույցն ապացուցում է, որ եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող մի խումբ հոգևոր և աշխարհիկ անձանց կողմից:
Մայր Աթոռը հակադարձում է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ «Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։
«Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության», - պնդում է Մայր Աթոռը:
«Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը», - ասված է հայտարարությունում:
Վերջին մեկ տարում Հայ Առաքելական եկեղեցու գործադիր բարձրագույն մարմինը՝ Գերագույն հոգևոր խորհդուրդը բազմիցս է վարչապետի քայլերը համարել ուղիղ բռնաճնշում եկեղեցու նկատմամբ:
Ինչ կհետևի զեկույցին
Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այս զեկույցը դարձնել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա: Մինչ զեկույցի հրապարակումը՝ խորհրդարանական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ այդ օրակարգով ցանկացած նախաձեռնություն հակասահմանադրական է, և իրենք ապօրինի գործընթացների մաս չեն կազմի։
Վարչապետ Փաշինյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ տարբեր պատճառաբանություններով փորձում է հասնել կաթողիկոսի հեռացմանը, այդ հարցը ներառել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական և իր կառավարության ծրագրում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն, նա քաղաքացիների հետ այս մասին չի խոսել և չի անդրադարձել եկեղեցուն կամ հոգևորականներին։ Վարչապետն այս օրակարգը թարմացրեց միայն ընտրվելուց հետո։
Տարբեր իշխանական պատգամավորներ չեն թաքցնում, որ մտադիր են եկեղեցուն առնչվող նոր օրենսդրական կարգավորումներ ընդունել: Դրանք, սակայն, դեռ շրջանառության մեջ չեն դրվել:
Առայժմ պարզ չէ, թե Եկեղեցու մասին ինչ է գրված Փաշինյանի կառավարության մշակած նոր Սահմանադրության նախագծի տեքստում: Գործող Մայր օրենքում նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: