Վարչապետի հանձնարարությամբ Հայ Առաքելական եկեղեցու մասին հենց կառավարությունում պատրաստված զեկույցը դեռ չհրապարակված՝ խորհրդարանական ընդդիմությունն արդեն հայտարարում է, թե այդ օրակարգով ցանկացած նախաձեռնություն հակասահմանադրական է, և իրենք ապօրինի գործընթացների մաս չեն կազմի։ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, չի բացառում, որ զեկույցի հրապարակումից հետո խորհրդարանում քննիչ հանձնաժողով ձևավորվի:
«Բնականաբար, այս Ազգային ժողովի կողմից ստեղծվող նմանատիպ հակաօրինական, օրենքից դուրս միջհանձնաժողովներին մենք մաս կազմելու ցանկություն չունենք», - նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանն ասաց՝ իրենք նման քննարկում դեռ չեն ունեցել և պաշտոնական դիրքորոշում հայտնել չի կարող, բայց, իր կարծիքով, որոշումը, միևնույն է, լինելու է բոյկոտը, որովհետև, ըստ նրա, սա իրականացվում է եկեղեցու դեմ իշխանության արշավի շրջանակում։ Նույնը պնդեց նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Մարիաննա Ղահրամանյանը նույնպես տեղեկացրեց՝ խմբակցությունում հարցը չեն քննարկել, բայցև շեշտեց. «Քաղաքական իշխանությունը որևէ իրավասություն, լիազորություն չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, ու ձեր հիշատակած հանձնաժողովն ըստ այդմ ապօրինի է լինելու: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, մենք նման հարց չենք քննարկել: Ես ենթադրում եմ, որ մենք որպես Մայր Աթոռի կողքին կանգնած ու ազգային արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժ, չենք ներգրավվելու որևէ հակաեկեղեցական գործընթացի մեջ, հակառակը՝ մենք լինելու ենք Մայր Աթոռի կողքին»:
Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնանկությանը ձգտող վարչապետ Փաշինյանը, սակայն, ոչ միայն զեկույցը քննիչ հանձնաժողովում քննարկման նյութ դարձնելու մասին էր խոսում, այլև դրա արդյունքում հնարավոր օրենսդրական փոփոխություններից:
«Այդ զեկույցի նախագիծը, որ արդեն վերջնական տեսքի է բերված, կարդացել եմ, ու ես կարող եմ ասել, որ իրավիճակը, որը ունենք այսօր Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցում, պարզապես սարսափելի է, որովհետև մեր եկեղեցին բռնազավթված է, մենք այդ խնդիրը պետք է լուծենք: Այդ խնդիրը պետք է լուծենք, այդ թվում՝ օրենքով՝ օրենքում կատարելիք փոփոխություններով», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, վարչապետը փակագծեր չբացեց։ Իսկ թե որքանո՞վ օբյեկտիվ կլինի վարչապետի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի պատրաստած զեկույցը և ի՞նչ աղբյուրների վրա է այն հիմնված, հարցական է մնում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի պնդմամբ՝ զեկույցի բովանդակությանը խմբակցությունում դեռ ծանոթ չեն, բայց կարծում է՝ անհրաժեշտության դեպքում քննիչ հանձնաժողով կարող է ձևավորվել։ Նրա համոզմամբ՝ դա ապօրինի որոշում լինել չի կարող։
«Եկեղեցին անջատ է պետությունից, բայց գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, չի կարող եկեղեցին լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից դուրս, իսկ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրական մարմին է, որը պետք է իրավասու լինի կամ իրավասու է և պետք է ունենա հնարավորություն ցանկացած հարց քննի, դրա համար տարբեր ձևաչափեր կան, այդ թվում՝ քննիչ հանձնաժողովի ձևաչափը», - ասաց Աղաջանյանը:
Վարչապետ Փաշինյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ տարբեր պատճառաբանություններով փորձում է հասնել կաթողիկոսի հեռացմանը, այդ հարցը ներառել է նաև նախընտրական ծրագրում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն, նա քաղաքացիների հետ այս մասին չի խոսել և չի անդրադարձել եկեղեցուն կամ հոգևորականներին։ Վարչապետն այս օրակարգը թարմացրեց միայն ընտրվելուց հետո։
ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց՝ իր թիմակից Թագուհի Ղազարյանի հետ այժմ աշխատում են օրենսդրական մի նախագծի վրա, որը մի քանի հարց կլուծի՝ սկսած եկեղեցու կողմից գույքահարկ վճարելուց մինչև ֆինանսական թափանցիկություն։
«Խոսքը գնում է տարբեր, այդ թվում՝ ադմինիստրատիվ շենք-շինությունների ու գույքերի մասին, որոնք որևէ ծիսական արարողակարգերի ժամանակ չեն օգտագործվում, բայց դրանք ևս ազատված են հարկերից: Խոսքը գնում է տարբեր ձեռնարկատիրական գործունեության տեսակների մասին, որոնց մեջ ներգրավված է եկեղեցին ու որոնց համար ևս հարկ չի վճարվում: Օրենսդրական փաթեթ է, որը մենք հիմա պետք է շարունակենք, մենք արդեն մի քանի անգամ քննարկումներ ունեցել ենք մեր գործընկերների հետք, այդ թվում՝ ֆինանսների նախարարության, Պետեկամուտների կոմիտեի, ուղղակի չհասցրեցինք օրենքը ներկայացնել Ազգային ժողովին, նախորդ գումարման Ազգային ժողովի ժամանակահատվածում, բայց արդեն կշարունակենք հիմա», - նշեց Աղաջանյանը:
Եկեղեցին հարկերից ազատված է միայն կրոնական ծեսերի, վանքերի ու եկեղեցիների գույքահարկի մասով։ Աշխատակիցների աշխատավարձերից, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից Հայ առաքելական եկեղեցին հարկեր վճարում է: Մայր Աթոռից փոխանցեցին՝ ոչ սպասվելիք զեկույցի, ոչ էլ հնարավոր օրենսդրական փոփոխությունների շուրջ մեկնաբանություն չունեն։