Մատչելիության հղումներ

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում երկու սաուդյան նավթատար խոցելու մասին

Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, արխիվ
Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, արխիվ

Եմենի իրանամետ հութիները հայտարարում են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող երկու նավի։ Նրանց պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է Սաուդյան Արաբիայի դեմ հայտարարված ծովային շրջափակման շրջանակում։

Ծովային ռիսկերի կառավարման բրիտանական «Vanguard» ընկերության հաղորդմամբ՝ սաուդյան «Էնսելիա» նավթատարը Կարմիր ծովում՝ Ջիզանի նավահանգստի մոտ, աղետի ազդանշան է ուղարկել՝ հայտնելով հրթիռային հարվածի մասին։ Հարվածից հետո նավի առաջամասում հրդեհ է բռնկվել։

Անձնակազմի անդամների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է սաուդյան պետական SPA լրատվականը։

Եմենցի զինյալները վերահսկում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակա տարածքները, որոնք գտնվում են Արաբական թերակղզու՝ Հորմուզի նեղուցի հակառակ կողմում։

Երկուշաբթի օրը հութիները հայտարարեցին Սաուդյան Արաբիայի նավահանգիստները շրջափակելու որոշման մասին։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ դա Թեհրանի կողմից գործադրվող մարտավարություն է, նպատակը՝ լրացուցիչ ճնշման լծակ ձեռք բերել Միացյալ Նահանգների դեմ պատերազմում։

Նախօրեին հինգ նավթատար փոխել էին ընթացը՝ խուսափելով Բաբ էլ-Մանդեբի նեղուցից, իսկ մեկ օր առաջ էլ սաուդյան նավթով բեռնված և Չինաստան և Հնդկաստան ուղևորվող երեք նավթատար էր փոխել ուղղությունը։

Ավելի ուշ տարածված ծովային երթևեկության տվյալների համաձայն՝ սաուդյան 4 միլիոն բարրել նավթով բեռնված չինական երկու գերխոշոր նավթատար այսօր շարունակել են շարժվել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ուղղությամբ՝ Կարմիր ծովը լքելու համար։

Գիշերը խաղաղ չի եղել նաև համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար կարևոր մյուս ջրային ուղում՝ Հորմուզի նեղուցում, որտեղ, ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, նավթատար է բռնկվել ականի պայթյունից հետո։

Բաբ էլ-Մանդեբում և Հորմուզում լարվածությանը զուգահեռ ԱՄՆ-ն 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին, որը շարունակվել է հինգ ժամ։ AFP-ի հաղորդմամբ՝ Թեհրանի թիրախում գիշերը ԱՄՆ դաշնակից Քուվեյթն է եղել։

Ամերիկյան հարվածների հետևանքով Իրաքի հետ սահմանին գտնվող Շալամչե անցակետում երկու մարդ զոհվել, 11-ը՝ վիրավորվել են, տեղեկացրել է իրանական Mehr գործակալությունը։


XS
SM
MD
LG