ՀՀ ԱԳՆ-ն ևս արձանագրում է՝ չնայած անցած օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված Խաղաղության պայմանագրին ու ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Ադրբեջանում դեռ շարունակում են շրջանառել թշնամական, ոչ հավաստի մեղադրանքներ, ընդ որում՝ պետական մակարդակով։
Երևանը, սակայն, ոչ թե դատապարտել է, այլ հույս հայտնել, որ կողմերի միջև «հաստատված խաղաղությունը դրան վերջ կդնի»։
«Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով»,- «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, հավելելով,-«Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը»:
Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն է հայտարարություն էր տարածել, պնդելով, թե «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։ Օմբուդսմեն Սաբինա Ալիևան էլ միջազգային կազմակերպություններից ու ՄԱԿ-ից պահանջել էր «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված այդ էթնիկ զտումները» ճանաչել որպես ցեղասպանություն։
Ադրբեջանի՝ մեկը մյուսին հաջորդող հայտարարությունները հնչում են Հայաստանի վարչապետի վերջին ելույթների ֆոնին, թե անհրաժեշտ է փակել պատմական արդարության մասին բանավեճը՝ հանուն խաղաղության։ «Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Այդ ամեն ինչը մի բանի մասին է՝ Հայաստանի ժողովրդին, ներառյալ՝ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով»,-անցած շաբաթ հայտարարել էր նա: