Հունգարիան և Սլովակիան հաստատել են, որ կրկին ստանում են ռուսական նավթ, այն բանից հետո, երբ Ուկրաինան վերականգնել է «Դրուժբա» նավթամուղը, որը վնասվել էր հունվարին, Կիևի պնդմամբ, ռուսական հարվածի հետևանքով։
Կիևը երեկ էր հայտարարել, որ խողովակաշարի վերականգնումից հետո վերսկսվել է նավթի մղումը դեպի Հունգարիա և Սլովակիա։ Այդ նույն ժամանակ ԵՄ-ն կանաչ լույս էր տվել Կիևին՝ 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակման վերացման համար, որը արգելափակել էր Հունգարիայի նախկին ազգայնական առաջնորդ Վիկտոր Օրբանը։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ողջունել է նավթամուղի վերաբացումը։ Սակայն Կրեմլին մոտ կանգնած վարչապետը լրագրողներին ասել է, որ չի հավատում, թե «Դրուժբան» իրականում վնասված է եղել։
«Դուք գիտեք, թե ինչի մասին եմ խոսում։ «Դրուժբա» նավթամուղն օգտագործվել է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք»,- ասել է Ֆիցոն։
Նավթամուղը դարձել էր հակամարտության առանցքային թեմա Ուկրաինայի, Եվրոպական միության, Հունգարիայի և Սլովակիայի միջև, որոնք դեռևս ռուսական նավթ են ներմուծում այդ խողովակաշարով։