Մատչելիության հղումներ

«Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ ուկրաինացի մասնագետներն ավարտել են «Դրուժբա» նավթամուղի այն հատվածի վերանորոգումը, որը, ըստ Կիևի, վնասվել է ռուսական հարվածների հետևանքով։

Զելենսկին հայտարարել է, որ այն կարող է վերսկսել աշխատանքը։ Նա հավելել է, որ չնայած ներկայումս երաշխիքներ չկան, որ Ռուսաստանը կրկին չի հարձակվի խողովակաշարի ենթակառուցվածքների վրա, սակայն ուկրաինացի մասնագետներն ապահովել են դրա համակարգի և սարքավորումների աշխատանքի վերականգնման համար անհրաժեշտ հիմնական պայմանները։

Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ «Դրուժբա»-ի գործունեության վերսկսման կապակցությամբ Կիևը Եվրամիությունից նոր օգնության փաթեթի հաստատմանն է սպասում։

Ուկրաինայի նախագահը վերահաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շարունակական ճնշման և էներգամատակարարման հետագա դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը. «Եվրոպան պետք է անկախ լինի նրանցից, ովքեր փորձում են ոչնչացնել կամ թուլացնել այն»։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքով դեպի Արևելյան Եվրոպա ռուսական նավթ արտահանող «Դրուժբա» խողովակաշարը կվերագործարկվի ապրիլի վերջին։

«Դրուժբայով» նավթի մատակարարումները դադարել էին հունվարին՝ խողովակաշարին հասցված հարվածից հետո։
Հունգարիայի և Սլովակիայի կառավարությունները մեղադրում էին Կիևին «Դրուժբայի» վերանորոգման աշխատանքներն արհեստականորեն ձգձգելու համար։

XS
SM
MD
LG