Ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահվան շարունակական դեպքերի առթիվ:
Քաղհասարակության ներկայացուցիչները մտահոգիչ են համարում նաև մահվան դեպքերի կրկնությունը կանխելուն ուղղված համակարգային միջոցառումների և դրանց իրականացման արդյունքների վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկատվության չտրամադրումը։
Քրեակատարողական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարի բանտերում արձանագրվել է մահվան 4 դեպք, 2025 թվականին՝ 24, իսկ 2024-ին՝ 12 դեպք։
Այս հայտարարությունը հաջորդում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին: 46-ամյա Գևորգյանի առողջական վիճակը բանտ ընդունվելիս ստուգվել էր ու խնդիրներ չէին արձանագրվել:
Քրեակատարողական ծառայության պետն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե համակարգն իր կողմից ամեն ինչ արել է ընդդիմադիր գործչի կյանքը փրկելու համար, մինչդեռ նրա փաստաբանները հայտարարում են, որ շտապօգնություն ուշ են կանչել, և բժիշկները հասել են այն ժամանակ, երբ Գևորգյանն արդեն մահացել էր:
ՀԿ-ներն ընդգծում են, որ Գևորգյանի մահը հերթական անգամ վեր հանեց քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների խնդիրները: Շեշտում են, որ ազատությունից զրկված անձինք գտնվում են պետության անմիջական վերահսկողության ներքո, և իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրանց կյանքն ու անվտանգությունը, ապահովել ժամանակին և որակյալ բժշկական օգնություն։
«Մահվան յուրաքանչյուր դեպք պետք է դառնա արդյունավետ, անկախ և ժամանակին քննության առարկա՝ մահվան հանգամանքներն ու պատճառները պարզելու, պետական մարմինների գործողությունները կամ անգործությունը գնահատելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով», - ասված է հայտարարությունում:
Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ մահվան դեպքերի ուսումնասիրությունը, սակայն, ի հայտ է բերում քրեակատարողական համակարգում առկա մի շարք խորքային և համակարգային խնդիրներ։ Մասնավորապես, ըստ նրանց, ազատությունից զրկված անձանց չի տրամադրվում անհրաժեշտ, ժամանակին և պատշաճ բուժօգնություն, քրեակատարողական հիմնարկները համալրված չեն բավարար թվով մասնագետներով:
Նուբարաշենն ու Հայաստանի մյուս յոթ բանտերը, բացի Արմավիրից, հերթապահ բժիշկ չունեն:
«Համակարգային բացերի մասին են վկայում նաև ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերը», - նշում են ՀԿ-ները:
Միաժամանակ, հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ որոշ քրեակատարողական հիմնարկների, և հատկապես Նուբարաշենի բանտի պայմանները խիստ անմխիթար են։
Անցած շաբաթ բանտերում հասարակական դիտորդական խմբի ղեկավարն «Ազատությանը» հայտնել էր, որ բանտում մահացած «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը պահվել է անբարեկարգ, խոնավ, փայտոջիլներով խցում: Այնտեղ բնակվում է մոտ ութ հոգի:
«Խցակիցները բողոքում են միջատներից, թախտաբիթիներից (փայտոջիլներից), որոնք որ շատ են իրենց մարմինը կծում, հայտնվում են շորերի մեջ: Իհարկե, էդ դեզինֆեկցիան և հատուկ դեղամիջոցը քրեակատարողական հիմնարկի կողմից տրամադրվում է, բայց, այնուամենայնիվ, կարծես թե չի օգնում, որպեսզի էդ միջատները վերանան», - ասել էր Արման Սահակյանը:
ՀԿ-ները պահանջում են՝
- Իրականացնել քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի, ներառյալ՝ ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերի, արդյունավետ քննություն և արդյունքների հանրային հաշվետվողականությունը:
- Երաշխավորել ազատությունից զրկված անձանց մատչելի, պատշաճ և ժամանակին բժշկական օգնությունը, համալրել քրեակատարողական հիմնարկները անհրաժեշտ մասնագետներով։
- Ներդնել ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման համալիր մեխանիզմներ՝ ռիսկերի վաղ հայտնաբերման և շարունակական աջակցության համակարգով։
- Իրականացնել մահվան դեպքերի պատճառների և նպաստող գործոնների բազմակողմանի ուսումնասիրություն և դրա արդյունքները հրապարակել։
- Միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող պահման պայմանների բարելավման ուղղությամբ։
- Ապահովել մահացած անձանց ընտանիքների պատշաճ իրազեկումն ու քննությանը արդյունավետ մասնակցությունը, ինչպես նաև իրավաբանական օգնության հասանելիությունը։
- Բարելավել քրեակատարողական հիմնարկների աշխատողների աշխատանքային պայմանները, ապահովել բավարար կադրային համալրվածություն, հոգեբանական աջակցություն, մասնագիտական վերապատրաստումներ և հյուծման կանխարգելման մեխանիզմներ։