Մատչելիության հղումներ

«Քաղաքական կոռուպցիայի ռիսկ կա». պետական պաշտոնյաները նորից պարգևավճար կստանան

Պետական պաշտոնյաներին պարգևատրելու կառավարության որոշումը խնդրահարույց է որակում հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը: Նրա գնահատմամբ՝ քաղաքական կոռուպցիայի կասկած կա:

Հարկատուների գրպանից նորից միլիոններով պարգևատրելու են պաշտոնյաններին՝ այդպես էլ հանրությանը հստակ չբացատրելով ինչի համար, ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետը:

Կառավարության երեկվա նիստում հաստատվեց նախագիծը՝ այս տարվա առաջին կիսամյակի աշխատանքի համար պետական պաշտոնյաները երեք անգամ պարգևավճար կստանան, գումարը նրանց հաշիվներին կփոխանցվի հուլիսին, սեպտեմբերին ու նոյեմբերին: Պետբյուջեից կհատկացնեն 5 միլիարդ դրամ: Նախագիծը չզեկուցվող հարցերից էր ու գործադիրի նիստում չքննարկվեց:

«Չմոռանանք, որ աշնանը հաջորդ փուլն է արդեն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են և պետք է նաև լոյալություն, որպեսզի այդ ընտրություններում էլ ձեռք բերվի անհրաժեշտ արդյունք: Այսինքն՝ քաղաքական բաղադրիչն էլ կա», - ասաց Հոկտանյանը:

Պարգևավճարները պաշտոնյաներին տրամադրվելու են նրանց կատարած աշխատանքի գնահատականների հիման վրա, ինչը հանրությանը հասանելի չէ: Ովքե՞ր են ստանալու, որքա՞ն ու կոնկրետ ի՞նչ աշխատանքի դիմաց, հայտնի չէ:

«Արդյոք շարքայիններին հասնո՞ւմ է, թե՞ ոչ, եթե հասնում է, ինչքա՞ն: Եթե կենտրոնանում է միայն վերևի օղակների վրա, հստակ քաղաքական կոռուպցիայի ռիսկը շատ ավելի մեծ է դառնում», - ընդգծեց փորձագետը:

Շռայլ պարգևավճարի որոշումը Փաշինյանի կառավարությունում նորություն չեն: Անցած տարեվերջին պատգամավորների հաշվեհամարներին փոխանցվել էր շուրջ երեք միլիոն դրամ, նախարարները մինչև յոթ միլիոն դրամ էին ստացել: Արդարադատության նախարարն էր իր ստացած պարգևավճարի չափը հրապարակել լրագրողների հետ զրույցում, իսկ գործադիրի ղեկավար Փաշինյանը 12 միլիոն դրամ էր ստացել:

Փաշինյանը պարզաբանել էր, թե կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները միլիոնավոր պարգևավճարներով զսպում են իրենց կոռուպցիոն գայթակղությունները:

Շուրջ 22 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի վարչապետն ու նախարարները թե քանի միլիոնով կպարգևատրվեն այս անգամ, հայտնի կդառնա նրանց հաջորդ տարվա հայտարարագրերից:

Շատ կարևոր հարց է՝ արդյոք ներքին օղակների ծառայողներին այս 13 միլիոն դոլարից բաժին կհասնի ըստ արժանվույն, շեշտում է Վարուժան Հոկտանյանը: Ըստ նրա՝ սա էլ պետք է թափանցիկ լինի:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG