Կառավարությունը այս տարվա առաջին կիսամյակի համար պետական համակարգի պաշտոնյաներին 5 միլիարդ դրամի պարգևավճարներ կբաժանի (ավելի քան 13 մլն դոլար)։ Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստի օրակարգում է։
Պարգևավճարները պաշտոնյաներին տրամադրվելու են կատարողական գնահատականների հիման վրա, սակայն այդ կատարողական գնահատումները հանրության համար հասանելի չեն։
Հասանելի չեն նաև նախարարների, փոխնախարարների, նախարարությունների գլխավոր քարտուղարների, պատգամավորների պարգևավճարների չափերը, նրանք մերժում են հայտնել ստացած խրախուսման չափը՝ հորդորելով իրենց հայտարարագրերում գտնել այդ ինֆորմացիան։
Նոր հայտարարագրերը հասանելի են լինելու շուրջ մեկ տարուց։
Միլիարդավոր դրամների պարգևավճարներ պաշտոնյաներին բաժանվել էին նաև անցյալ տարեվերջին։ Պարզ էր դարձել, որ պատգամավորների հաշիվները համալրվել են ավելի քան 3-ական միլիոն դրամով, Նիկոլ Փաշինյանի պարգևավճարը գերազանցել էր 12 միլիոն դրամը, իսկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ չէր մտաբերել՝ իր հաշվին 7 թե 8 մլն դրամ է մուտքագրվել։