Մատչելիության հղումներ

Քննարկումներ պարգևատրումների շուրջ․ ՔՊ-ն չի բացահայտում, ընդդիմությունից թիվ են հրապարակում

Մինչ իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն բացահայտում՝ ինչքա՞ն պարգևատրումներ են ստացել նախօրեին, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը կոնկրետ թիվ է հնչեցնում՝ մոտ 680 հազար դրամ:

Ընտրություններից առաջ Կառավարությունը պաշտոնյաներին ու պետական աշխատողներին 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևատրումներ որոշեց բաժանել՝ նախորդ տարվա երկրորդ կեսի աշխատանքի համար:

3.6 միլիարդ էլ Ամանորի նախօրեին էին հատկացրել պարգևատրումներին:

ՔՊ վարչության փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չգիտեր՝ ինչքան պարգևատրում է ստացել, փոխարենը, ինչպես պնդում էր՝ լավ տիրապետում էր, թե ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր լրագրողներն ինչքան գումար են ստանում:

«Հայտարարագիրը կլրացնենք, կտեսնեք ամեն ինչը, այս պահին կոնկրետ թվերի չեմ տիրապետում որպես այդպիսին», - ասաց Ալեքսանյանը և նշեց. «Ազգային ժողովի պատգամավորները միջինում վարձատրվում են այնքան, ինչքան վարձատրվում են ընդդիմադիր լրագրողները ընտրության սեզոնին: Էս պահին ուղղակի չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, կարող է իմ բանկն ուրիշ լինի, ստացած էլ չլինեմ»:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ պատգամավորների գումարը մոտավորապես համարժեք է միջին հայաստանցու աշխատավարձին. «Հաշվի առնելով, որ մենք պառլամենտական երկիր ենք, հաշվի առնելով այն նյարդը, այն լարվածությունը, այն ամենը, ինչի միջով անցնում է պատգամավորը, պետք է դրանից բացի նաև կաթ ու հաց ձրի տրվի: Այսօր ո՛չ ուսուցիչը, ո՛չ զինվորականը մեզանից շատ պակաս առնվազն չեն ստանում»:

«Կարող է երկու հոգու մատների վրա կարողանանք հաշվել այդքան բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներ, մնացածը ստանում են միջին և ցածր աշխատավարձ, հետևաբար պետք է առնվազն ազնիվ լինել ու ասել՝ «ուղղակի մեզ այդ գումարը պետք է», թող ասեն, որ քաղաքացիական պայմանագիրը որոշել է, որ մենք պետք է լավ ապրենք պետության հաշվին», - ասաց «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը:

Կառավարության հրապարակած փաստաթղթից միայն պարզ է դառնում, որ Ազգային ժողովին 667 միլիոն դրամից մի քիչ ավելի գումար է հատկացվել, բայց թե պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ամեն աշխատողն ինչքա՞ն պարգևատրում է ստացել, պարզ չի դառնում անգամ ԱԺ նախագահի որոշումից: Այս հարցի պատասխանը պետք է հավելվածը տար, որն ԱԺ-ը չի հրապարակել:

Հարկատուների հաշվին միլիարդների պարգևատրումների մանրամասները կառավարությունը ևս հրաժարվել է բացահայտել: Մերժել էին «Ազատությանն» ասել՝ վարչապետն ու նրա կաբինետն անցած տարվա երկրորդ կեսի համար ինչքա՞ն պարգևատրումներ են ստանալու: Կառավարությունից պնդում են՝ գումարը դեռ չի էլ փոխանցվել:

Առաջին փուլի պարգևատրումները մեծ աղմուկ էին բարձրացրել, երբ պարզվել էր՝ վարչապետ Փաշինյանը չհաշված աշխատավարձը, այդ հատկացումների հաշվին, ըստ «Հետքի», 12 միլիոն դրամ պարգևավճար էր ստացել, արդարադատության նախարարը՝ 6-7 միլիոն:

«Պետք է հստակ արձանագրել, որ սա ընտրակաշառք է ուղղված պետական համակարգին, որպեսզի պետական ծառայողները ասեն՝ դե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության օրոք ամեն ինչ շատ լավ է, մեզ բարձր պարգևներ էին տալիս, ուստի պետք է գնալ ու ընտրել նրանց, կամ պետք է աշխատել նրանց համար: Այն մարդիկ, ովքեր հենց սկսում է ընտրությունների մասին խոսակցություն ու իրենք հայտարարում են, որ ընտրություններին մասնակցելու են, իրենք իրավունք չունեն բարեգործություններ անել: Այսինքն, որևէ մեկն իրավունք չունի, բայց Նիկոլ Փաշինյանն ունի, ընդ որում, մեր հաշվին, բյուջեի հավին, հարկատուների հաշվին», - ընդգծեց Թովմասյանը:

Հակակոռուպցիոն փորձագետներն էլ ընտրությունների նախաշեմին աշխատանքի խրախուսման նոր ծրագրի ներդրման տակ քաղաքական կոռուպցիայի ռիսկեր տեսան՝ գումարը ստանում են, պետք է շնորհակալ լինեն:

«Կան նաև հակակոռուպցիան փորձագետներ, որոնք ասում են, որ թոշակ բարձրացնելը նախընտրական կաշառ է, կներեք, բայց ես չեմ պատրաստվում մեկնաբանել աբսուրդը: Վարձատրության նոր մեխանիզմ ներդրվել է ամիսներ առաջ, նոյեմբերը ընտրության նախօրյա՞կ է, էդ տրամաբանությամբ ուրեմն չորս տարի առաջ էլ էր ընտրության նախօրյակ», - ասաց Ռուբինյանը:

Ալեն Սիմոնյանը նշեց. «Մարդը, որ լավ բարձրագույն կրթություն ունի, նախընտրում է աշխատել մասնավորի մոտ, զերծ մնալ լավ ու վատ լրագրողներից, հայհոյանքներից, անընդհատ ուղիղ եթերում ապրելուց և այլն»:

«Ազատության» հարցին՝ «այդ դեպքում ինչո՞ւ եք իրար հետ մրցում, որ 50-ում հայտնվեք», ԱԺ նախագահը պատասխանեց. «Որովհետև դա իմ կյանքն է, իմ ճակատագիրն է, իմ բնավորությունն է, իմ ամբողջ կյանքն է: Այո, բողոքում եմ, դժվար է, որովհետև շատ անշնորհակալ, շատ անհասկացված դեպքեր են լինում և հետապնդումների ենք ենթարկվում մենք, մեր ընտանիքի անդամները: Լինել ճղված սառոչկաներով և գնալ պետություն ներկայացնել, ինչպես նաև կախված լինել ինչ-որ օլիգարխներից, դա՞ է ձեր պատկերացրածը, ոչ, մեր պատկերացրածը դա չէ»:

«Սա պետական թալան է, թույլ տվեք ասել, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով, որովհետև եթե ինքն ասում էր, որ նախկինները թալանում էին, հիմա իրենք թալանում են մեր աչքի առաջ, իրենք վերցնում են բյուջեն ու բաժանում եմ իրենց մեջ: Եթե դուք ուզում եք պետական ապարատին ոգեշնչել ու մոտիվացնել, ապա շատ անարդար է, որ Ազգային ժողովում շարքային աշխատողը ստացել է 40 հազար դրամ պարգևավճար, բայց օրինակ՝ Ալեն Սիմոնյանի խորհրդականները ստացել են 400 հազար դրամ պարգևավճար, նախարարները ստացել են մի քանի միլիոն դրամ պարգևավճար, իսկ օրինակ նախարարության շարքային աշխատողը կամ չի ստանալու, եթե ստանան էլ՝ շատ ավելի ցածր տոկոսներով», - ընդգծեց Թագուհի Թովմասյանը:

Հեռացող կառավարությունը, որը նաև վերընտրության է ձգտում, որոշել է, որ պետական աշխատակիցներին կպարգևատրի տարվա առաջին կեսին, ի տարբերություն նախորդի, այս անգամ ամեն ամիս 4 հավասարաչափ մասերով: Այսինքն լիազորություններն ավարտող ԱԺ պատգամավորները աշխատավարձից բացի դեռ 3 անգամ էլ մոտ 680 հազարական դրամներ կստանան: Ազգային ժողովի նախագահը պնդում էր՝ դա մոտավորապես իրենց ամսական աշխատավարձի չափն է:

Պատգամավորի աշխատավարձը, ըստ Թագուհի Թովմասյանի, դրանից ավելի քիչ է:



XS
SM
MD
LG