Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը այցելել է Էջմիածին

ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը այցելել է Էջմիածին, որտեղ նրան հյուրընկալել է Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Բարնսը այցելել է նաև Խոր Վիրապ և Մատենադարան:

«Անհավանական տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ հիացած եմ Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով։ Շնորհակալություն եմ հայտնում Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար, ինչպես նաև Խոր Վիրապի և Մատենադարանի իմ սիրալիր հյուրընկալողներին», - նրա խոսքերն է մեջբերում դեսպանատունը։

Նախօրեին էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի էր մասնակցել Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը, ինչից հետո նրան ընդունել էր Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Սեպտեմբերին ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդներին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում ընդունել էր նախագահ Դոնալդ Թրամփը, նրանք աղոթել էին Հայաստանի ու Միացյալ Նահանգների և խաղաղության համար: Հանդիպմանը մասնակցել էին Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։

ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսն ուրբաթ օրը հանդիպել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Դիվանագետները քննարկել էին Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերը:

​
XS
SM
MD
LG