Երևանյան ամենաճոխ հյուրանոցներից մեկում աղոթքի ու նախաճաշի են հավաքվել տասնյակ երկրների կրոնական համայնքների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, հանրային դեմքեր... Միջոցառումն այդպես էլ կոչվում է Աղոթքի նախաճաշ:
Միացյալ նահանգներում սկիզբ առած այս ավանդույթը Հայաստան հասավ անցյալ տարի, այսօր ու վաղը հայաստանյան երկրորդ աղոթքի նախաճաշն է, և այն անցկացվում է իշխող թիմի ու եկեղեցական վերնախավի միջև հակամարտության պիկին:
Մայր Աթոռը հարյուրավոր պատվիրակների մեջ մեկ ներկայացուցիչ ունի՝ Դանիել սրբազանը, նա հավաքվածներին բացատրել է, որ անսխալական մարդ չկա, բայց Տիրոջն ենք պատասխան տալու. «Տերը մեզնից բարձր է, և նրան պետք է մեր պատասխանը տանք՝ թե՛ պետությունը, թե՛ եկեղեցին»:
Իշխանականները մտադիր չեն սպասել Տիրոջ լուծումներին, Նիկոլ Փաշինյանը 1.5 տարի է՝ պնդում է` Վեհափառը պիտի հեռանա, երեկ էլ որպես եկեղեցու հավատավոր հետևորդ ու պատարագների մշտական մասնակից, խոստացավ. «Դանդաղ, համակարգված, միլիմետր-միլիմետր, տանջելով, բայց գնալու ենք մինչև վերջ»:
«Դանդաղ, համակարգված տանջանքի» շրջանակներում Ազգային ժողովում եկեղեցում առաջացած ճգնաժամի լուծմամբ զբաղվող քննիչ հանձնաժողով է ստեղծվել: Իշխող խմբակցությունից հայտնել են, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:
Իշխանությունը կոշտացնում է բառապաշարն ու քայլերը, Մայր Աթոռի ներկայացուցիչը՝ հրաժարվում արձագանքելուց, Անթիլիասից աղոթքի նախաճաշին հասած Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը նույնպես: Մեսրոպ սրբազանն առաջարկում է աղոթել եկեղեցու, իշխանության ու ժողովրդի համար:
Արդյոք պետություն-եկեղեցի հակամարտությունը Աղոթքի նախաճաշի օրակարգ կմտնի՞. «Հալեպ» կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Բալխյանը հույս ունի՝ այո:
Միթչել ամուսինները պատվիրակների թվում են, նրանց սրտով չէ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում:
«Դու կարող ես լինել տիեզերքի թագուհին, իսկ ես հավաքարար: Աստծո աչքերում մենք հավասար ենք, այնպես որ վարչապետը կամ կաթողիկոսը Աստծո աչքով ոչ ոք են, նրանք նույն մարդիկ են: Նրանք պետք է քայլեն միասին և ինչ-որ բան անեն ազգի համար, ոչ թե կռվեն», - նշեց Սոնյա Միթչելը:
Փիթեր Միթչելն ասաց. «Հավատքի և քաղաքականության հարցերը չպետք է խառնել իրար։ Մեկը ազդում է մյուսի վրա, բայց կարծում եմ՝ եթե խոսում ենք քաղաքականության մասին, պետք է դրանով էլ սահմանափակվենք։ չպետք է միջամտել հավատքի հարցերին, և հակառակը: Անկեղծ լինեմ. կարծում եմ, որ երկու կողմում էլ սխալներ են գործել»:
Մերվին Թոմասը՝ Քրիստոնեական համերաշխություն կազմակերպությունից, լսել է, որ խնդիրներ կան այստեղ. իշխանական ու հոգևոր վերնախավի միջև սրված են հարաբերությունները, միայն այսքանը գիտի. «Եկեղեցին, իհարկե, պետք է ինքն իրեն ղեկավարի, իսկ կառավարությունը՝ իրեն։ Բայց, այո, ցավոք, չեմ կարող մեկնաբանել»։
Այսօր կրոնական ազատության թեմայով քննարկում էր: Պատվիրակներից Սարգիս Բալխյանի պատկերացմամբ՝ քննարկում պիտի ծավալվեր այս ուղղություններով. «Կրոնական ազատությունը նաև փոխկապակցված է Բաքվում գտնվող հայ 19 պատանդների, որ Բաքվի բանտերում են գտնվում, ինչպես նաև մեր կրոնական, մշակութային բոլոր այն վայրերը, որ, ցավոք սրտի, այսօր Ադրբեջանում են գտնվում և ենթարկվում են ավերման»:
Արդյոք Քննարկվո՞ւմ է Ամենայն Հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու իշխանական պլանը կամ Արցախում քրիստոնեկաան հայկական արժեքների ոչնչացումն ու աղվանացումը, հայտնի չէ: Հայտնի է, որ նախաճաշի շուրջ հարյուրավորների հավաքելու նախաձեռնությունը իշխանությունն է, ու այն իրականացնում է Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբը, ղեկավարը «Կրթվելը նորաձև է» ծրագիրը համակարգած Ստեփան Սարգսյանն է: Նա էլ մեզ դուրս հրավիրեց աղոթքի ու նախաճաշի սրահից: